Միջազգային փառատոների շարքում կրկին աչքի ընկան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը և «Հայֆեստ» թատերական փառատոնը: «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ով մասնակցեց ինչպես փառատոնի բացմանը, այնպես էլ հանդիպեց իր հայաստանյան երկրպագուների հետ: «Հայֆեստ»-ի շրջանակում էլ Հայաստան բերվեց նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված և մուլտիմեդիոն բեմադրություններ, որոնք ուրախացրեցին ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարներին:
Դասական երաժշտության սիրահարներին ուրախացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր բազմաթիվ համերգներով և Երևանյան 5-րդ միջազգային փառատոնով: Աչքի ընկան նաև «Երևանյան հեռանկարներ» և «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի կազմակերպած դասական երաժշտության փառատոները: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին մասնակցելու համար բազմաթիվ դաշնակահարներ սովորեցին նվագել Արամ Խաչատրյանի դաշնամութային կոնցերտը, որը համարվում է բարդ ստեղծագործություն: Կայացավ նաև Սայաթ-Նովա օպերայի պրեմիերան: Ողջ տարվա ընթացքում նշվեցին մեծ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանները:
Այս տարի Հայաստանում համերգներ ունեցան մի շարք համաշխարհային մեծության երաժիշտներ` Յանին, ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը և Պինխաս Ցուկերմանը, ակկորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, դաշնակահար Տիգրան Համասյանը, երգիչներ Սերժ Թանկյանն ու Ալեսանդրո Սաֆինան:
Տարվա գլխավոր մշակութային իրադարձությունների թվում կարելի է դասել Մատենադարանի նոր և գեղեցիկ մասնաշենքի բացումը, որն ունի ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման բոլոր պայմանները: Աչքի է ընկնում նաև ընթերցասրահը, որը լուսավորվում է երդիկներով և այնպիսի տպավորություն է, կարծես այն լուսավորվում է էլեկտրական լույսով:
Չպետք է մոռանալ, որ այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որը չափազանց մեծ հետաքրքրություն աջառացրեց արվեստասերների շրջանակում: Յուրաքանչյուր օր ցուցասրահը լեփ լեցուն էր մարդկանցով:
Ամենանշանակալիցը 2011 թ-ի ընթացքում դա սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումն էր` նվիրված ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Սա այն դեպքերից է, երբ իրոք պետք է օգտագործել «ցնցող» և «ֆանտաստիկ» բառերը: Այն վստահ կարելի է անվանել մշակութային տարվա ամենամեծ իրադարձությունը:
Հայաստանը զերծ չմնաց նաև Եվրատեսիլյան «կրքերից»: Տարվա առաջին կեսին երգչուհի Էմմին չանցավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ, ինչի պատճառով մեր հայրենակիցների մոտ դժգոհության և քննադատության արժանացավ: Կրքերն ավելի թեժացան, երբ մրցույթի հաղթող ճանաչվեց Ադրբեջանը: Այնուամենայնիվ իրավիճակն ավելի թեթևացավ, երբ Հայաստանում տարվա վերջին` դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, որն ուրախացրեց մրցույթի հայաստանյան երկրպագուներին և Եվրոպայի մի շարք երկրների ուշադրությունը սևեռեց դեպի Հայաստան:
Բացի վերը նշվածներից, Հայաստանում կազմակերպվեցին բազմաթիվ փառատոներ, որոնց կոնկրետ հաշիվը ոչ ոք, երևի, չի հիշում: Դրանցից շատերը կոչվում էին «միջազգային», որովհետև դրանց մասնակցում էին ԱՊՀ երկրներում ապրող հայեր և մի քանի այլազգիներ: Մեկ ամիս մայրաքաղաքում և մարզերում նույնատիպ միջոցառումներով նշվեց Ֆրանկոֆոնիան, սկսեցին հայ գրատպության 500-ամյակին նիվրված միջոցառումների շարքը:
Հայաստանն այս տարի կրկին մասնակցեց մի շարք միջազգային փառատոների, բերեց մի քանի մրցանակ: Ով էլ չբերեց` նշեց, որ կարևորը մասնակցությունն է:
Գյումրուց Երևանի օդանավակայան տեղափոխվեցին Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները, որը նույնպես մեծ կոնֆլիկտների պատճառ հանդիսացավ գյումրեցիների և ՀՀ մշակույթի նախարարության միջև:
Հարկ է շեշտել, որ Երևանում կրկին քանդվեցին հին շենքեր: Ամենացավալի և ամենամեծ կորուստը Ռաֆայել Իստրայելյանի տան ավերումն է, ով այդքան մեծ ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում:
Ընդհանուր առմամբ 2011 թ-ը մշակութային առումով կարելի է գնահատել որպես հետաքրքիր, բուռն և հագեցած տարի: