9 հունվարի 2012 - 18:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Աշխարհը չի փոխվել, ընդամենը նահանջ տարի է
Այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Այդ ընտրությունները ոչ մի բան չեն տա, և, չնայած որոշ փորձագետների պնդումներին, շատ հեռու են ղարաբաղյան հիմնախնդրում իշխանության վրա իրական լծակների միջոցով որոշակի տեղաշարժերից
2012-ը, ինչպես և սպասվում էր, դարձավ 2011-ին սկսված գործընթացների շարունակությունը, ընդ որում համարյա անվերջ գործընթացների: Աշխարհն ալեկոծած «արաբական գարունը» նոր թափ է հավաքում արդեն Մարգարեի կանաչ խորհրդանշանի ներքո. Թունիսում և Եգիպտոսում իսլամիստների հաղթանակը, լիբիական երկպառակության մեջ ահաբեկչական խմբավորումների միջամտությունը չեն կարող չանհանգստացնել միջազգային հանրությանը:

Միաժամանակ, պետք է նշել, որ «արաբական գարուն» բնորոշումը կոռեկտ չէ: Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, զանգվածային բողոքների ալիքը սկսվել է ոչ թե գարնանը, այլ ձմռանը՝ 2010-ի դեկտեմբերին Թունիսում Մոհամմեդ Բուազիզի ինքնահրկիզումից հետո ի նշան կոռուպցիայի և կամայականության դեմ բողոքի: «Բողոքի ակցիաների ոչ բոլոր մասնակիցներն են նույնացրել իրենց արաբների հետ: Իրենց հետևանքներով մերձարևելյան իրադարձությունները 2011-ին դուրս են եկել մեկ տարածաշրջանի սահմաններից: Մերձավոր Արևելքում առկա սուր խնդիրների լուծման մեջ ներքաշվել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, միջազգային կազմակերպությունները (Արաբական պետությունների լիգա, ՄԱԿ, ՆԱՏՕ): Չնայած արտաքին նմանությանը՝ յուրաքանչյուր առանձին վերցրած երկրում «զարթոնքի» պատմությունը յուրօրինակ է, քանի որ յուրօրինակ են նրա էթնիկական, կրոնական կառուցվածքը, արտաքին քաղաքական գործունեությունը, սոցիալական և տնտեսական զարգացումը»,- կարծում է Մարկեդոնովը: Այնպես որ աշխարհը դեռ երկար «կվայելի» Մերձավոր Արևելքի դեպքերի պտուղները:

Վերջին իրադարձություններից էր Եգիպտոսի դատախազության պահանջը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մահապատժի ենթարկելու վերաբերյալ, որի դեմ արդեն հանդես են եկել Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Եթե Մուբարաքին ամեն դեպքում կախաղան բարձրացնեն, ապա այդ քայլը «Մահմեդական եղբայրներին» ոչինչ չի տա բացի դատապարտումից: Պետք չէ մոռանալ, որ Եգիպտոսը բառացիորեն կախվածության մեջ էր ամերիկյան դոտացիայից և օգնությունից: Եթե ԱՄՆ-ին փոխարինի «Ալ Քայիդան», ապա բանը կարող է ավարտվել երկրորդ Իրաքով կամ Աֆղանստանով:

Այս տարի փոխվեց ԵԽԽՎ նախագահը: Հունվարի 23-ին լրանում է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլու լիազորությունների ժամկետը: Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորի կողմից անցկացրած երկու տարիները հազիվ թե ավելացան ԵԽԽՎ նկատմամբ հարգանքը և հեղինակությունը, եթե հաշվի առնել նրա նախագահության շրջանակներից դուրս եկող միջամտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: «Թուրքիայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահ եղած ժամանակ կազմակերպությունը «սկսել է պայքարել Եվրոպայում աճող ռասիզմի և խտրականության դեմ, քանի որ առաջնահերթություն է հենց այդ սպառնալիքի դեմ պայքարը, որը չի կարելի թերագնահատել»: Թե ինչ նկատի ուներ թուրք պատգամավորը Եվրոպայում ռասիզմի և խտարականության տակ, դժվար չէ գուշակել: Դա մի շարք եվրոպական երկրներում հակաիսլամական և հակաթուրքական տրամադրություններն են, որտեղ մահմեդականների բնակեցումն ահռելի չափերի է հասնում: Մևլութ Չավուշօղլուն նաև երկու տարի անհաջող փորձեց առաջ մղել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը վերսկսելու մասին գաղափարը, բայց այդպես էլ ոչ մի բանի չհասավ: Նրան այդ պաշտոնում փոխարինած Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը հազիվ թե պնդի ԵԽԽՎ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ինչը չի մտնում կազմակերպության լիազորությունների մեջ:

Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Ազգային ժողովի Ստորին պալատի կողմից հավանության արժանացած օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնեու մասին: Եթե Սենատը կողմ քվեարկի, ամեն ինչ գնում է դրան, ապա կմնա միայն Սարկոզիի ստորագրությունը: Այստեղ հավանաբար տեղին է նշել, որ հայկական համայնքի ձայներն այդքան չեն ազդի նախագահի ընտրությունների վրա. վերջ ի վերջո ինչ են շուրջ 200 հազար ձայները մի քանի տասնյակ միլիոն ձայների դեմ: Այնուամենայնիվ բանը ոչ միայն նախընտրական քարոզարշավի, այլ նաև Թուրքիայի մեջ է, որին Նիկոլյա Սարկոզին պատրաստվում է հերթական անգամ ցույց տալ իր տեղը:

Այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Այդ ընտրությունները ոչ մի բան չեն տա, և, չնայած որոշ փորձագետների պնդումներին, շատ հեռու են ղարաբաղյան հիմնախնդրում իշխանության վրա իրական լծակների միջոցով որոշակի տեղաշարժերից: Ինչպես արդեն գրել ենք, պետությունների արտաքին քաղաքականությունը չի հենվում այս կամ այն նախագահի անձի վրա, այլ բացառապես պետության շահերի: Եվ այս առումով ցուցադրական են 2011-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, երբ բոլորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսեր ունեին: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ անցյալ տարվա վերջին Ցյուրիխյան արձանագրությունները վերադարձան խորհրդարան և հազիվ թե արժանանան վավերացման: Այս տարի կարող է կայանալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի մահմեդականների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ևս մեկ հանդիպում «չեզոք» տարածքի վրա, այսինքն Ադրբեջանի և ԼՂՀ սահմանին: Հազիվ թե այդ հանդիպումը խթանի հակամարտության լուծմանը, այնուամենայնիվ նման միջոցառումներն արդեն օգտակար են թեկուզ նրա համար, որ Ադրբեջանը կարող է անձամբ համոզվել, որ ԼՂՀ-ն ընդմիշտ և անվերադարձ կորսված է իր համար:

Ադրբեջանը պատրաստվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդում գործունեությանը՝ անիրագործելի երազանքներ փայփայելով Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափը փոխելու մասին: Սակայն ԱԽ օրակարգում գլխավոր հարցերն են Սիրիան և Իրանի միջուկային խնդիրը: Բայց Բաքուն, ինչպես միշտ, մոլորության է մատնելու սեփական ժողովրդին՝ հայտարարելով «հայերի նկատմամբ դիվանագիտական հերթական հաղթանակի» մասին: Ընդհանուր առմամբ սա սովորական տարի է, ուղղակի նահանջ տարիս, և այդ ավելորդ օրը չգիտես ինչու միշտ տեղ չի գտնում, ինչն առիթ է տալիս աստղագետներին կանխատեսումներ անել, որոնք հեռու են նույնիսկ ֆանտաստիկայից:

Կարինե Տեր-Սահակյան