
Մի բան է Իրաքի հետ սահմանակից Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների ոչնչացումը, մեկ այլ բան՝ անկախ պետության դեմ ագրեսիան, եթե այդպիսին ստեղծվի:Բարզանիի հայտարարությանն առայժմ միջազգային արձագանք չի հետևել. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առայժմ չեն որոշել իրենց դիրքորոշումն այս հարցում, ԱՄՆ-ը կարծես նույնպես պատրաստ չէ Քուրդիստանի անկախությանը, Թուրքիան, ինչպես միշտ, առաջարկում է քննարկել այս հարցը: Վաշինգտոնի անպատրաստ լինելը մի քիչ անհասկանալի է, քանզի անկախ Քուրդիստանի ստեղծումը վաղուց նրա նպատակն էր Կիրկուկայի նավթի վրա վերահսկողություն սահմանելու համար: Բայց այդ պետության ստեղծումը կարող է ևս մեկ ջին դառնալ, որը կդառնա եթե ոչ մղձավանջ, ապա գլխացավ Արևմուտքի, ինչպես նաև Հայաստանի համար: Ժամանակ առ ժամանակ ինտերնետում հայտնվում են Մեծ Քուրդիստանի քարտեզներ, որի մեջ մտնում են Հայաստանի մի մասը, ինչպես նաև Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Իրաքի տարածքները: Մերձավոր Արևելքը կարող է կանգնել բավական ուժեղ և մեծ պետության գոյության փաստի առաջ, որը հազիվ թե խաղաղ լինի: Չափազանց շատ զենք կա, չափազանց շատ խնդիրներ, այդ ամենին գումարած իսլամը: Քուրդիստանում կարող են ապաստան գտնել իսլամական արմատականները՝ տարբեր պատճառներով վտարված իրենց բնակության երկրներից: Եվ հետո դա կլինի դեպի Եվրոպա քրդական ներխուժման նոր ալիք: Արդեն հիմա Բեռլինում, որոշ տվյալներով, ապրում է 60 հազար քուրդ, և նրանց թիվն աճում է: Նույնը կարելի է ասել ողջ Հյուսիսային Եվրոպայի մասին:
Միաժամանակ, Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշիյար Զեբարին հայտարարել է, որ իրաքյան քրդերը ցանկանում են դեսպանների դեր խաղալ այն երկրներում, որտեղ քրդական խնդիրը լուծման կարիք ունի: Թե ինչպես են այդ դեսպանները լուծելու խնդիրները, պարզ չէ, և գլխավորը, կհամաձայնվեն արդյոք Անկարան, Թեհրանը կամ Դամասկոսը քուրդ դիվանագետների ներկայության հետ: Քուրդիստանը կարող է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից կամ միգուցե կիսել Պաղեստինի ճակատագիրը, որն այդպես էլ չկարողացավ հաղթահարել անդամակցության վրա դրված վետոն: Ճիշտ է, տվյալ դեպքում, այն երկրները, որոնց կխանգարի Բարզանիի պետությունը, վետոյի իրավունք չունեն, բայց կարող են ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների աջակցությունը, եթե կարողանան համոզել նրան այս փուլում նման քայլի նպատակահարմարության մեջ: Բայց ամեն ինչ շատ բարդ է և գրեթե անկանխատեսելի:
Ինչպես արդեն նշվել է, այս մտահաղացումը Հայաստանին ոչ մի լավ բան չի բերի: Թուրքիայի հարավ-արևելքում բնակվող քրդերն արդեն ուրախությամբ են ընդունել անկախ Քուրդիստանի մասին լուրերը: Իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանը վտագավոր կդառնա: Քրդերն արդեն մտադիր են պետություն ստեղծել Դիարբեքիրում կենտրոնով, և այդ ժամանակ Հայաստանը ստիպված կլինի զսպել ոչ միայն թուրքերին, այլ նաև քրդերին: Վան, Մուշ, Դիարբեքիր գավառների թուրքական փոքրամասնությունը կաջակցի քրդերի սողոսկումը Հայաստան, ավելին, կարող է նույնիսկ պայմաններ ստեղծել ավելի հաջող էքսպանսիայի համար: Եթե հետևել Անկարային տրամաբանությանը, ապա ՔԱԿ գրոհայինները կարող են ուղղակի հիմնվել Հայաստանի սահմանամերձ շրջաններում, առավել ևս, որ Թուրքիայում այդ մասին խոսակցություններն ընթանում են ոչ մեկ տարի: Իսկ ինչո՞վ է տարբերվում Հայաստանն Իրաքից: Սահմանամերձ գործողություններ կարելի է նաև այստեղ անցկացնել: Թեև մինչև մարտի 21-ը դեռ ժամանակ կա, և հնարավոր է՝ Մասուդ Բարզանին հետաձգի անկախության հռչակումը: