21 փետրվարի 2012 - 19:41 AMT
ՀՈԴՎԱԾ
Իրանի միջուկային ծրագիրը որպես նրա՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու դեմ գործիք
Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները թելադրված են տնտեսական պատկերացումներով և ողջ աշխարհում հարուստ հանքավայրերը ձեռք բերելու նավթային լոբբի ցանկությամբ
Իրանի միջուկային ծրագիրը դեռ երկար ժամանակ է մնալու Արևմուտքի սևեռուն ուշադրության առարկան: Չնայած Իսրայելի առույգ ռազմատենչ հայտարարություններին, միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումն ավելի ու ավելի պրոբլեմատիկ է դառնում: Ամեն ինչ, ինչպես միշտ, հենվում է տեխնիկական բարդությունների վրա՝ ռմբարկուների թռիչքների հեռավորությունը, նպատակներ որոնելը և խոցելը, հնարավոր հետևանքները:

Իրավիճակն, ամեն դեպքում, մինչև վերջ փակուղային չէ. Իրանում գտնվում է ՄԱԳԱՏԷ տեսչությունը, որը, Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, չի ստուգելու միջուկային օբյեկտները, ինչպես նախորդ անգամ, այլ խնդրի շուրջ անցկացնելու է բանակցություններ: Միաժամանակ, ամերիկյան զինվորական փորձագետները համոզված են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը, որի անցկացումը չի բացառում իսրայելական ղեկավարությունը, հեշտ խնդիր չի լինի: Ինչպես գրում է The New York Times-ը, գործողության հաջողության համար անհրաժեշտ է առնվազն հարյուր ինքնաթիռ: «Այդ թիվը պայմանավորված է մի քանի պատճառներով: Առաջին հերթին, իսրայելական F-15-ը և F-16-ը չեն կարող հաղթահարել մինչև իրենց նպատակներն ունեցած հեռավորությունը և ետ գնալ առանց վերալցավորման, ուստի հարկ կլինի օդ բարձրացնել լցավորող ինքնաթիռներ: Դրանց պաշտպանության համար անհրաժեշտ են լրացուցիչ կործանիչներ, որոնց, իրենց հերթին, անհրաժեշտ է լցավորում: Երկրորդ, իսրայելական ինքնաթիռները չեն կարող ուղղակի հասնել միջուկային օբյեկտներին, ռումբեր նետել և ետ վերադառնալ Իրանի հակահրթիռային պաշտպանության ակտիվ հակազդեցության պատճառով: Երրորդ, բազմաթիվ իրանական միջուկային օբյեկտները ցրված են երկրով մեկ, դրանց մի մասն ուժեղ ամրապնդված են: Ուստի դրանց արդյունավետ ոչնչացման համար անհրաժեշտ է ոչ թե մեկ-երkու ռումբ, այլ մի քանի ինքնաթիռների հարվածների շարք»,- նշում են մասնագետները:Սակայն նրանց մեծամասնությունը ենթադրում են, որ իսրայելցիների համար շատ բարդ կլինի ինքնուրույն գործողություն իրականացնել Իրանի դեմ: Նրանք նշում են, որ նույնիսկ ամերիկյան ռազմաօդային ուժերի համար, որոնք գտնվում են Իրանի հետ սահմանի բազաներում, իրենց ավելի լայն միջոցներով և ուժերով շատ դժվար կլինի համապատասխան վնաս հասցնել միջուկային օբյեկտներին: «Աշխարհում գոյություն ունի միայն մեկ գերտերություն, որն ի զորու է լուծել այդ խնդիրը: Իսկ Իսրայելը կարող է միայն այստեղ և այնտեղ կետային հարվածներ հասցնել»,- ասել է պաշտոնաթող գեներալ Դևիդ Դեպտուլան:

Իրանի վրա հարվածի դեմ է տրամադրված նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հայտարարել է, որ «Իրանի վրա հարվածն ահռելի ցնցում կլինի բոլորի համար, ոչ միայն տարածշրջանի»: Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրները տարբեր սցենարներ են մշակում ԻԻՀ դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, սակայն «ոչ այդքան ակտիվ, քանի որ հույս ունեն խուսափել խնդրի ռազմական լուծումից»:

Բայց, ըստ էության, բանը միայն միջուկային ծրագրի մեջ չէ, հարցն ավելի լուրջ է՝ կդառնա Իրանը տարածաշրջանային գերտերություն, թե ոչ: Այս հարցում ԱՄՆ-ը տեղի է տալիս Թուրքիային, որը խոսքով սատարում է Թեհրանին, բայց իրականում ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա Իրանի ուժեղացումը: Վերջ ի վերջո, ռումբ պատրաստելը բավական դժվար է, դա պայթուցիկներով կապկպված գրոհային չէ: Պետք են կրողներ, պետք են փորձակումներ, ուրանի հետ անմիջական կապ չունեցող շատ բաներ, ի վերջո, անհրաժեշտ է հատուկ ձուլվածքից ռումբի կմախք: Հազիվ թե այդ ամենն Իրանն արդեն ունի: Առանց վերերկրյա փորձարկումների անհնար է ստուգել, թե ինչ է ստացվել, իսկ դա արդեն անհնար է գաղտնի պահել: Ենթադրենք, Իրանը ձեռք կբերի զինական ուրանի անհրաժեշտ քանակություն: Իսկ հետո՞: Բայց ահա այդ «հետոյի» մասին ոչ ոք չի գրում և չի խոսում: Իսկ ներկա փուլում մեղադրել Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ չի ստացվում: Չմոռանանք, որ ռեակտորների համար անցյալ դարի 70-80-ականներին բաղադրամասեր էին մատակարարում Ֆրանսիան և Գերմանիան: ԱՄՆ-ը նույնպես երրորդ երկրների միջոցով անմասն չի մնացել: Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները թելադրված են տնտեսական պատկերացումներով և ողջ աշխարհում հարուստ հանքավայրերը ձեռք բերելու նավթային լոբբի ցանկությամբ: Եթե Ահմադինեժադը համաձայվեր խաղալ այդ կանոններով, նրա միջուկային ծրագրի շուրջ ոչ մի աղմուկ չէր լինի: Ուղղակի կկրկնվեր Պակիստանի հետ պատմությունը, որն ունի ռումբ, բայց ի վիճակի չէ այն պայթեցնել…

Կարինե Տեր-Սահակյան