28 փետրվարի 2012 - 22:07 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանը նախընտրում է հերյուրանք, այլ ոչ թե իրականություն
Ադրբեջանական քարոզչամեքենայի բոլոր ստերը ստուգելն ուղղակի անհնար է: Այնուամենայնիվ, որոշ երկրներում հենց այդ երկրների քաղաքացիները, ովքեր հայ չեն, հաղորդում են խարդախությունների և ստի մասին
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, հիմնված ապատեղեկատվության վրա, հատկապես ուժեղանում է այսպես կոչված «հայկական գազանությունների» օրերին: Խոջալուի 20-ամյա վաղեմության դեպքերը բացառություն չեն և տարեց տարի ձեռք են բերում նոր «մանրամասներ և զոհերի թիվ»: Մի կողմ թողնենք մարդկային ողբի վրա շահարկումների բարոյական կողմը, որովհետև Խոջալուում իրոք մահացել են խաղաղ բնակիչներ, բայց հայերը դրա հետ ոչ մի կապ չեն ունեցել:

Ադրբեջանի դեսպանատունն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված այդ տխուր իրադարձությանը՝ խոսելով ներկաների մեծ քանակի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենայի բոլոր հերյուրանքները ստուգելն ուղղակի անհնար է ժամանակի անբավարար լինելու պատճառով: Այնուամենայնիվ, որոշ երկրներում հենց այդ երկրների քաղաքացիները, ովքեր հայ չեն, հաղորդում են խարդախությունների և ստի մասին: Օրինակների ետևից հեռու գնալ պետք չէ: Հայտնի է, որ Իսրայելին և Ադրբեջանին կապում են սերտ հարաբերություններ, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում: Փետրվարի 22-ին Ադրբեջանի տարբեր ԶԼՄ-ներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Իսրայելի Քնեսեթում հարգել են Խոջալուի զոհերի հիշատակը: Քնեսեթի պատգամավորները մեզ հետ զրույցում շատ զարմացան, հայտարարելով, որ նման բան չի եղել: Եվ ընդհանրապես Քնեսեթը որոշում է ընդունել, որի համաձայն նա չի քննարկում նման բնույթի փաստերը և առավել ևս դրանց գնահատական չի տալիս: SalamNews-ի վարկածով, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովը Քնեսեթում հայտարարել է, որ չնայած հայկական լոբբի կողմից բոյկոտի փորձին, լսումները կայացել են, և ընդունվել է համապատասխան հայտարարություն: «Ոչ մի հայտարարություն չի ընդունվել: Մենք ընդունում ենք, որ Քնեսեթի ինչ-որ սենյակում Աբրամովը խոսել է իր գործընկերների հետ: Բայց չէ որ չի կարելի մասնավոր կարծիքը ներկայացնել ընդհանուրի փոխարեն, առավել ևս, որ այդ «ընդհանուրը» գոյություն չունի: Եվ մենք չենք կարծում, որ Խոջալուի ողբերգությունը 20-րդ դարի խոշորագույն ողբերգություններից է»,- այդպես են կարծում Քնեսեթի պատգամավորները, ում դժվար է կասկածել «հայկական լոբբին տեղի տալու մեջ»: Աբրամովի խղճին թողնենք նրա հայտարարությունները: Բայց պատմությունը շարունակություն է ստացել, այս անգամ ներգաղթի հանձնաժողովում: Հանձնաժողովում քննարկվել է լեռնային հրեաների հարցը, ովքեր տեղափոխվել են Իսրայել: Միջոցառումը բացել է Ադրբեջանից գաղթածների համայնքի նախագահ, «Ադրբեջան-Իսրայել» ասոցիացիայի փոխնախագահ Նեհեմիա Շիրին Միխաելին: Նա Քնեսեթի պատգամավորներին համառորեն կոչ է արել շատ զգույշ և ուշադիր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Բայց նրան ընդհատել է պատգամավոր Մարինա Սոլոդկինան, ով պահանջել է խոսել ըստ էության, այլ ոչ թե զբաղվել քարոզչությամբ... Եվ հանձնաժողովը շարունակել է իր աշխատանքը:

Ամենայն հավանականությամբ, այլ երկրներում տեղի է ունեցել նույն բանը. հավաքվել է համայնք, ընդ որում նրա փոքր մասը, և Բաքու են հասել հաղթական զեկույցներ «Խոջալուի» մասին: Հատկապես աչքի է ընկնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, ով միացել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 20-ամյա տարելիցի առիթով կազմակերպված բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: «Ես գիտեմ Թաքսիմում ակցիայի մասին, և միանում են դրան»,- հայտարարել է Բրայզան: Փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակում, տարբեր գնահատականներով, գտնվել է 50 000 մարդ, մեծամասնությունը՝ ադրբեջանական և թուրքական երիտասարդության ներկայացուցիչներ: Ցուցարարները ձեռքերում պահել են հակահայկական կարգախոսներով ցուցապաստառներ:

Միաժամանակ, Ադրբեջանում ոչ ոք ժամանակ չի գտել հիշելու, հենց փետրվարի 27-ին Սումգայիթում սկսվել են հայերի կոտորածները: Իսկ եթե հիշում են, ապա թուրքական ապատեղեկատվության լավագույն ավանդույթներով, խոսում են այն մասին, որ «հայերն իրենք իրենց են կոտորել»:

Հիշեցնենք, որ 1988-ի փետրվարի 27-ին Սումգայիթում, որը գտնվել է Բաքվից 20 կմ հեռավորության վրա, սկսվել է ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրված տեղի հայ բնակչության պլանավորված ոչնչացումը, որը ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանումով: ԽՍՀՄ ղեկավարության լռության ներքո եռօրյա կոտորածների արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվել են, 53-ը՝ սպանվել, ընդ որում նրանց մի մասը տանջամահ է արվել, իսկ դիակներն այրվել են: Փետրվարի 29-ին վերջապես Սումգայիթ է մտել խորհրդային բանակը, որը, սակայն, համարյա ոչինչ չի ձեռնարկել հայ բնակչության պաշտպանության համար: Սումգայիթում հայերի ջարդերը ԽՍՀՄ նոր պատմության մեջ դարձել են առաջին էթնիկ զտումը և մեծ դեր են խաղացել ինչպես ԽՍՀՄ փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմը սկսվելու մեջ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում ցեղասպանության փաստի հերքմամբ և համաշխարհային հանրությանն ապատեղեկատվությամբ շարունակվել է ակտիվ հակահայկական քարոչզությունը, որն արդյունքում հանգեցրել է 1990-ին Բաքվում հայ բնակչության կոտորածներին, որոնց զոհեր են դարձել հազարավոր խաղաղ բնակիչներ: Հայկական բնակչության զանգվածային կոտորածների արդյունքում Ադրբեջանի հայ համայնքը դադարել է գոյություն ունենալ և համալրել է սփյուռքի շարքերը, ինչպես դա եղել է գրեթե 100 տարի առաջ:

Կարինե Տեր-Սահակյան