23 հոկտեմբերի 2014 - 12:19 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Խաչատուր Ալմազյան.
Ուզում եմ Բելուչիի մասնակցությամբ Կուստուրիցայի ֆիլմի երևանյան պրեմիերա կազմակերպել
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի On The Milky Road (թարգ.՝ «Ծիր կաթինի ճանապարհին») ֆիլմի սաունդթրեքը, որտեղ գլխավոր դերերում հենց ինքը՝ Կուստուրիցան ու իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին են, ձայնագրել է Almazian Symphony նվագախումբը, որը ղեկավարում են ջութակահար Խաչատուր Ալմազյանն ու թավջութակահար Թամարա Սավիչը: Almazian Symphony-ի առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է 2013-ին՝ Ֆրանսիայում, Sony Music Entertainment-ի ու France TV National-ի հետ գործակցությամբ: PanARMENIAN.Net-ը զրուցել է Խաչատուր Ալմազյանի հետ ու պարզել Էմիր Կուստուրիցայի հետ հերթական համատեղ աշխատանքի մանրամասները:

On The Milky Road-ը պատմում է նախկին Հարավսլավիայում պատերազմի մասին: Մոնիկա Բելուչին վանական դարձած նախկին զինվորի ընկերուհու դերում է: Գլխավոր դերում Կուստուրիցան է: Ֆիլմի վրա աշխատանքները ռեժիսորը պլանավորում է ավարտել արդեն տարեվերջին, իսկ 2015-ի մայիսին ներկայացնել այն Կաննի կինոփառատոնում:

Մոնիկա Բելուչին ու Խաչատուր Ալմազյանը

Կուստուրիցայի հետ գործակցության մասին

Էմիրի հետ ինչպես ընկերական, այնպես էլ գործնական հարաբերություններն արդեն տարիների պատմություն ունեն: Նրա կազմակերպած առաջին «Կուստենդորֆում» հենց իմ նվագախումբն է ելույթ ունեցել կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: 2010-ին արդեն գործակցել ենք Էմիրի ու նրա որդու՝ Ստրիբոր Կուստուրիցայի հետ: Cool Water ֆիլմի համար երաժշտություն գրեցինք, որի համապրոդյուսերը Ջոնի Դեփն է: Չնայած ֆիլմի նկարահանումները հետագայում հետաձգվեցին, թե Էմիրը, թե Ստրիբորը հավանել էինձայնագրությունը, ինչն էլ, հավանաբար, հետագա համատեղ աշխատանքի համար հիմք դարձավ:

Այդ ամբողջ գործընթացը շատ պատասխանատու է, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր: Ի տարբերություն այլ ռեժիսորների, որոնք պոստփրոդաքշնի փուլում աշխատում են երաժշտության վրա, Էմիրը դրանով զբաղվում է ֆիլմի նկարահանումների ու մոնտաժի հետ միաժամանակ:

Ալմազյանը` կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցայի (մեջտեղում) և պրոդյուսեր Ֆիլիպ Ավրիլի հետ (աջից)

Ես ղեկավարում եմ նվագախումբը, նաև ջութակի սոլո ելույթներ ունեմ: Աշխատում ենք այսպես՝ նախ Ստրիբորն ուղարկում է պարտիտուրան, երաժիշտների հետ փորձեր ենք անում, հետո արդեն ստուդիայում բոլորս միասին աշխատում ենք մեկնաբանման վրա: Նրա երաժշտությունն ուղղակի հիասքանչ է: Նույնիսկ չեմ կարող առանձնացնել ոճը՝ երևի ինչ-որ խառնուրդ է, բայց ամենակարևորը, որ շատ գեղեցիկ ու լուսավոր երաժշտություն է:

Ստրիբորի հետ իրար կես բառից հասկանում ենք: Համատեղ աշխատանքի ժամանակ ժամացույցին չենք նայում՝ սկսում ենք աշխատել վաղ առավոտյան ու ավարտում ուշ գիշերը: Մեկ-մեկ Ստրիբորը հենց ձայնագրության ժամանակ է ինչ-որ բան փոխում, ժամանակ առ ժամանակ մեզ նաև իմպրովիզներ ենք թույլ տալիս, բուռն քննարկումներ էլ են լինում: Այդ ամենն ավարտելուց հետո արդյունքը ներկայացվում է Էմիրի դատին:

Էմիր Կուստուրիցան ու Խաչատուր Ալմազյանը

Կուստուրիցայի մասին

Էմիրն ամեն ֆիլմի վրա աշխատում է մանրակրկտորեն, առանց սահմանափակելու իր ժամանակը: Դա աշխատանքի հանդեպ նրա վերաբերմունքի առանձնահատկություններից մեկն է: Չէ որ այսօր բազմաթիվ ռեժիսորներ կախված են պրոդյուսերներից, որոնք նշում են ժամկետները, դերասանական կազմը և այլն: Օրինակ, նա ինձ պատմել է, որ Underground ֆիլմում հարսանիքի դրվագի վրա պլանավորում էր ընդամենը 5 օր աշխատել, իսկ արդյունքում այդ ամենը 1,5 ամիս ձգվեց... Ինձ զարմացնում է նրա ֆենոմենալ էներգիան ու աշխատունակությունը: Դժվար է պատկերացնել, որ մի մարդ կարող է միաժամանակ ֆիլմեր նկարահանել, համերգներ տալ, փառատոններ անցկացնել, գրքեր գրել ու քաղաքներ կառուցել: Հիշում եմ Դովալտովի խոսքերը՝ «Բոլորն էլ գիտեն, որ հանճարները պետք է ծանոթներ ունենան: Բայց ո՞վ կհավատա, որ իր ծանոթը հանճար է»:

Ֆիլմի երևանյան պրեմիերայի մասին

Կուզեի On The Milky Road-ի երևանյան պրեմիերան կազմակերպել: 2010-ին Էմիրին իր The No Smoking Orchestra բենդի հետ Երևան էի հրավիրել: Համերգը շատ հաջող անցավ, բացի այդ, Կուստուրիցայի ու ստեղծագործ երիտասարդների հետ հանդիպում էինք կազմակերպել: Դահլիճը լեփլեցուն էր, և բոլորը հարց տալու հնարավորություն ունեին: Էմիրը հետո խոստովանեց, որ հաճելի զարմացած էր մեր երիտասարդության մտավոր մակարդակով: Կուզեի նման ևս մի հանդիպում կազմակերպել Կաննում ֆիլմի պրեմիերայից հետո՝ ընդլայնելով մասնակիցների կազմը: Նկատի ունեմ Կուստուրիցայի ընտանիքը, որն իրականում եզակի երևույթ է կինոյի աշխարում: Ֆիլմի վրա աշխատանքներին մասնակցում են բոլորը. կինը՝ Մայան, պրոդյուսերներից մեկն է, դուստրը՝ Դունյան, սցենարի համահեղինակն է, որդին՝ Ստրիբորը, կոմպոզիտորը (նախորդ ֆիլմերում նաև որպես դերասան է ներկայացել):

On The Milky Road ֆիլմից կադր ու պոստերը

Եվ, իհարկե, կուզեի հանդիպմանը հրավիրել նաև ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Մոնիկա Բելուչիին: Լինելով առաջին մեծության աստղ, Մոնիկան ոչ միայն իր գեղեցկությամբ է հիացնում, այլև ինտելեկտով: Համոզված եմ, որ նման հանդիպումը երևանյան հանդիսատեսին անտարբեր չէր թողնի:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, լուսանկարները՝ Խաչատուր Ալմազյանի և PAN Photo-ի արխիվներից