3 դեկտեմբերի 2014 - 20:38 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ալեքսանդր Սլյադնև.
Հայաստանում մեկ օրից հետո սկսում ես հավատալ՝ աշխարհի ամենալավ բաներն այստեղ են ստեղծել
Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, որին The British Journal of Photography-ն դասել էր իր ոլորտում 100 լավագույնների շարքին, Food Adventures-ի հիմնադիր Աննա Մազմանյանի հրավերով մեր երկրում էր՝ հայ շեֆ-խոհարարներին ու նրանց ամենահամեղ ուտեստները և բաղադրատոմսերն իր Food & Chef նախագծում ներառելու համար: Նպատակը սոցցանցերի միջոցով աշխարհում հայկական խոհանոցը պրոպագանդելն է, որպեսզի Հայաստանը ճանաչեն նաև որպես գաստրոնոմիական երկիր:

Սլյադնևը ՀՀ տարբեր շրջաններում գաստրոնոմիական տասնօրյա շրջագայության է մեկնել, որի ընթացքում լուսանկարել է 10 շեֆ-խոհարարի, յուրաքանչյուրն իր հերթին 3-ից 5 ուտեստ է ներկայացրել: PAN-ը զրուցել է Ալեքսանդր Սլյադնևի հետ, որը պատմել է նախագծի, հայկական խոհանոցի ու խոհարարների հետ աշխատանքից տպավորությունների մասին:

Food & Chef-ն ու դրա հերոսները

Մի օր նստած էինք ընկերոջս հետ ռեստորանում, ու շատ հավանեցինք շեֆ-խոհարարի պատրաստած ուտեստը: Որոշեցինք անձամբ շնորհակալություն հայտնել նրան, բայց մենեջերն ասաց, որ չեն կարող կանչել՝ ռեստորանի քաղաքականությունը թույլ չի տալիս: Սկսեցի մտածել... Վատ է, երբ հաճախորդի խնդրանքով չեն կանչում շեֆ-խոհարարին, ու, կարելի է ասել, հենց դա էլ դրդեց ինձ հետաքրքրվել՝ ո՞վ է այն մարդը, որն ինձ համար ուտելիք է պատրաստում, ինչո՞վ է ապրում ու հետաքրքրվում: Այդպես որոշեցի, որ պետք է այցելեմ լավագույն խոհանոցներն ու ցույց տամ մարդկանց, ովքեր մեզ համար պատրաստում են: 2012-ին դրանով էլ մեկնարկեց Foodnchief նախագիծս:

Սկսեցի լուսանկարել Օդեսայի խոհարարներին: Որոշ ժամանակ անց խոհարարներն իրենք սկսեցին զանգահարել, կանչել իրենց լուսանկարելու: Նախագծի շրջանակն ընդլայնվեց ու հաջորդը դրանում ընդգրկեցի Մոսկվան, արդեն կես տարի անց՝ ամբողջ աշխարհը: Հայաստանը նախագծիս 14-րդ երկիրն է:

Food & Chef-ն ու Հայաստանը

Երևի մոտ 10 տարի է՝ երազում էի Հայաստան գալ: Հայերն այսպիսի առանձնահատկություն ունեն՝ մինչև կհասցնես այս երկիր այցելել, քեզ արդեն ստիպում են սիրահարվել Հայաստանին:

Լուսանկարը` Food & Chef նախագծից. շեֆ-խոհարար Էդգար Եգանյան

Ալեքսանդր Սլյադնևի բլոգից. «…Հայաստանում մեկ օր գտնվելուց հետո արդեն սկսում եմ հավատալ, որ աշխարհի ամենալավ բաները հենց այստեղ են ստեղծվել:

Ինձ մոտենում են շատ լուրջ դեմքով ու սկսում պատմել, որ բրիտանացի գիտնականները չինացիների մոտ հայի գենոտիպ են գտել, ինչպես նաև, որ լեզուների հնդեվրոպական խումբն իրականում հայկական արմատներ ունի»:

Մոտ 30 տարբեր ուտեստ ենք լուսանկարել՝ գյուղականից մինչև եվրոպական մատուցմամբ։ Բայց չեմ կարող առանձնացնել մեկը, որն ավելի եմ հավանել։ Ամեն շրջանն իր յուրահատկությունն ունի. Գորիսը մեզ դիմավորեց մռայլ ու ցուրտ եղանակով, ուտելիքն այնտեղ գյուղական էր, բազմաթիվ բանջարեղեն կար, համեղ պանիր: Դիլիջանում օդը խենթացնում էր, Ալավերդիի հյուրանոցը հիասքանչ էր...

Իմիջիայլոց, այստեղ չեն ափսոսում կիսվել: Օրինակ, աշխարհի տարբեր երկրներում, երբ ասում եմ, որ ամեն շեֆ-խոհարարից 3-ական բաղադրատոմս է պետք, հիմնականում դժգոհ պատասխանում են՝ «ինչպե՞ս թե երեք», իսկ երբ հայ խոհարարներին նույնն ասացի, հիմնականում պատասխանում էին. «այդքան քի՞չ․ 5-ը, 7-ը վերցրու»․․․

Սլյադնևի բլոգից․ «Այնքան եմ զարմացած ու հիացած հայկական խոհանոցի բազմազանությամբ, որ կարող եմ այդ մասին ժամերով խոսել։ Այստեղ թե միս կա, թե բանջարեղեն, ընդեղենի հսկայական տեսականի, որոնցից հայերն իսկապես խոհարարական գլուխգործոցներ են պատրաստում»։

Սիրած ուտեստներ չունեմ, բայց կան, որոնք չեմ սիրում՝ խոզի միս, օրինակ։ Սակայն այս ընթացքում չի եղել ուտեստ, որն ընդհանրապես չհավանեմ։ Չինաստանում, օրինակ, փորձել եմ կյանքիս ամենակծու ուտեստը։ Դրանից հետո մոտ 5 րոպե ոչինչ չէի կարողանում ասել, մազերս քրտնել էին, բայց համեղ էր, կծվությունից բացի նույնիսկ համը զգացի: Ուտելիքից ամեն ինչ փորձում եմ. հերթը միայն միջատներին չի հասել, բայց դրան պատճառ կա՝ առայժմ չեմ եղել այն երկրներում, որտեղ դրանք պատրաստում են: Հենց հասնեմ, անպայման կփորձեմ:

«Ռնգեղջյուրի ֆարշը»

Ինքս շատ եմ սիրում պատրաստել, ու բավականին հաճախ եմ անում դա: Այն ուտեստների բաղադրատոմսերը, որոնք շեֆ-խոհարարներն ինձ տալիս են, փորձում եմ տանն ինքս պատրաստել: Նրանց համար, որոնք տանը պատրաստել անհնարին է, հատուկ անուն ունեմ՝ «ռնգեղջյուրի ֆարշ»: Կա, օրինակ, ուտեստ, կոչվում է «Ծիծեռնակի բույն», դելիկատես է: Թռչունները մանրեցնում են բրինձն ու դրանից իսկական բույն շինում: Չինացիները պոկում են դրանք, թրջում: Շատ համեղ, բայց թանկ է, ու պատրաստել այն տանն ուղղակի անհնարին է: Այդ ուտեստը նախագծում առաջիններից էր, հետո սկսեցի խոհարարներին խնդրել այնպիսի բաղադրատոմսեր տան, որ ընթերցողները կարողանան տանը պատրաստել՝ անկախ տարածաշրջանից:

21 օրվա օրենքը

Հոնկոնգում էի ապրում ու երեք շաբաթ անընդմեջ նկարահանումների էի, ուտել հասցնում էի միայն աշխատավայրում: Նման օրենք կա՝ երբ 21 օր շարունակ ամեն օր ինչ-որ բան ես անում, դա սովորություն է դառնում: 22-րդ օրն արթնացա, հանգստյան օր էր: Հասկացա, որ քաղցած եմ: Հագնվեցի, իջա մետրո ու մեկ էլ հասկացա, որ ինչ-որ բան այն չէ՝ ամբողջ տեխնիկան ինձ հետ էի վերցրել: Այսինքն, ենթագիտակցորեն մտածում էի, որ երբ քաղցած եմ, պետք է գնամ ու ինչ-որ բան լուսանկարեմ:

Վերջը

Food & Chef-ը կավարտվի, երբ բոլոր երկրների խոհարարներին նկարեմ։ Այժմ նպատակս աշխարհագրության ընդլայնումն է։ Հաջորդ փուլով նախատեսում եմ երկար ժամանակով կանգ առնել տարբեր երկրներում, լուսանկարել շեֆ-խոհարարներին ու տարածաշրջանային գրքեր տպագրել։ Բայց դրան դեռ 1,5-2 տարի կա։

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, լուսանկարները՝ Ալեքսանդր Սլյադնևի բլոգից են և Food & Chef նախագծից