«Նյու Էյջ» ՍՊԸ տնօրեն Սուրեն Թովմասյանը պատմել է ընկերության անցած ճանապարհի, Երևանում և մարզերում իրականացված նախագծերի, գործունեության սկզբունքների, ինչպես նաև տեսլականի մասին։
Պարոն Թովմասյան, «Նյու Էյջ» ՍՊԸ-ն համեմատաբար նոր անուն է շինարարական ոլորտում։ Ի՞նչ ճանապարհ է անցել ընկերությունը մինչև այսօր։
«Նյու Էյջը» հիմնադրվել է՝ որպես ժամանակակից և պատասխանատու կառուցապատող, որը կենտրոնանում է ոչ թե միայն շենք կառուցելու, այլ նաև երկարաժամկետ վստահություն ձևավորելու վրա։ Չնայած նոր անվանը, ընկերության հիմքում կանգնած են կայացած ինժեներներ, կառավարման փորձ ունեցող մասնագետներ և հստակ տեսլական։ Մենք արդեն հաջողությամբ իրականացրել ենք 4 բնակելի նախագծի կառուցապատում՝ երեքը Երևանում՝ Գլենդել Հիլզ թաղամասում, և մեկը՝ Գյումրիում։ Այս նախագծերը հաջողությամբ վաճառված են, ինչը լավագույն վկայությունն է մեր որակի և շուկայի վստահության։

Ի՞նչ կազմակերպություններ են ներգրավված «Նյու Էյջի» կառուցապատման գործընթացում, և ինչ փորձ ունի թիմը։
Մեր հոլդինգի առանցքային մասն է «Ախուրյանի Կոպշին» ընկերությունը, որը գործում է շինարարական ոլորտում արդեն ավելի քան 30 տարի։ «Ախուրյանի Կոպշինը» կառուցել է մի շարք նշանակալի կառույցներ, որոնք այսօր դարձել են քաղաքային կյանքի կարևոր մաս։ Նշեմ ընդամենը երեք օրինակ՝ Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին, Գյումրու քաղաքապետարանի շենքը և Թումո Կողբ կենտրոնը։ Այս փորձը մեզ հնարավորություն է տալիս կիրառել խստապահանջ ինժեներական ստանդարտներ նաև մեր բնակելի կառուցապատումներում։

Ըստ Ձեզ՝ ի՞նչն է առանձնացնում «Նյու Էյջին» շինարարական մյուս ընկերություններից։
Մեր հիմնական տարբերությունը կայանում է մոտեցման մեջ։ Մենք շինարարությունը չենք դիտարկում որպես կարճաժամկետ առևտրային գործունեություն, այլ՝ որպես երկարաժամկետ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր շենք կառուցվում է՝ հաշվի առնելով մարդու կենցաղը, միջավայրը, ընտանիքի կարիքները։ Մենք երբեք չենք խնայել որակի, նյութերի կամ ինժեներական լուծումների հաշվին։ Մեզ համար հաճախորդի վստահությունը կարևորվում է ոչ պակաս, քան ֆինանսական կայունությունը։ Իսկ այդ վստահությունը, ինչպես ցույց է տալիս մեր արդեն վաճառված նախագծերի փորձը, հնարավոր է միայն կոնկրետ արդյունքների միջոցով։
