27 ապրիլի 2006 - 15:01 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ջոն Էվանս.
Հայաստանի ապագայի համար կենսական նշանակություն ունեն ազատ եւ արդար ընտրությունները
Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծարգրին նոր փուլ հանդիսացավ հայ-ամերիկյան հարաբերություններում: ԱՄՆ-ն հաստատ համոզված է, որ ղարաբաղյան խնդիրը խաղաղ լուծում կունենա: ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում եւ զարգացնում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն այնուամենայնիվ, 2006 թվականին եւս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուղերձում կրկին «ցեղասպանություն» չանվանեց 1915 թվականի իրադարձությունները: PanARMENIAN.Net-ի այս եւ այլ հարցերին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը:
Պարոն դեսպան, Միացյալ Նահանգներից ստացվող մարդասիրական օգնության ծավալներով Հայաստանը երկրորդ տեղում է Իսրայելից հետո: Ի՞նչ է նախատեսվում 2006թ. համար` հաշվի առնելով 2007թ. ու 2008թ. Հայաստանում կայանալիք ընտրությունները:
Մեկ շնչին ընկնող ամերիկյան աջակցության չափերով Հայաստանը հանդիսանում է ամենախոշոր շահառուներից մեկը: 1992թ. ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել է շուրջ 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն` նպաստելու երկրի ժողովրդավարական զարգացումներին: Այս աջակցության շրջանակում Միացյալ Նահանգները համագործակցում է Հայաստանի հետ երեք հիմնական նպատակների ուղղությամբ. դրանք են` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդում, Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատում ու տարածաշրջանի երեք երկրների տնտեսությունների զարգացում: Ի լրումն արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի Միացյալ Նահանգները մշակել է մոտ 7 միլիոն արժողությամբ աջակցության մի փաթեթ, որը կօգնի Հայաստանին 2007 եւ 2008թթ. ընտրությունների ազատ ու արդարացի անցկացման հարցում: Ընտրական աջակցության այս փաթեթի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու հանրապետական ընտրացուցակների պատրաստման ու ընտրազանգվածի իրազեկման քարոզարշավների իրականացման ասպարեզներում: Այն ներառում է նաեւ աջակցություն իրազեկիչ նյութերի պատրաստման, հասարակության տարբեր օղակների, այդ թվում դատական համակարգի ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ուսուցման ու լրատվամիջոցների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացման ոլորտներում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի ապագայի համար կենսական նշանակություն ունի առաջիկա ընտրությունների ազատ, արդարացի ու թափանցիկ անցկացումը, որն այդպիսին պետք է ընկալվի ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նախ եւ առաջ` հայ ժողովրդի կողմից: Բացի այդ, ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիան մարտի 27-ին Հայաստանի հետ ստորագրեց 235 միլիոն դոլարի համաձայնագիր: Աջակցության այս ծրագիրն ուղղված կլինի գյուղական ճանապարհների վերակառուցմանն ու ոռոգման համակարգերի բարելավմանը, ու գյուղական բնակչության շուրջ 75 տոկոսն ուղղակիորեն կդառնա այս ծրագրի շահառու, այսպես` նրանց ամենամյա եկամուտները 2010թ. համար նախատեսվող 36 միլիոն դոլարի փոխարեն արդեն 2015թ. կկազմեն 113 միլիոն դոլար: Այս ֆինանսավորման ստացման նախապայմաններն ապահովելու համար Հայաստանը պետք է շարունակաբար հավատարիմ մնա արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու ու տնտեսական ազատությունը խրախուսելու սկզբունքներին:
Ինչպե՞ս է զարգանում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը:
Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Բացի վերը նշված աջակցության ծրագրերից այսօր Հայաստանում տնտեսավարում են շուրջ 70 ամերիկյան ընկերություններ, որոնցից մի քանիսը խոշոր ներդրումներ են կատարել: Բացի այդ, մի շարք հայկական ապրանքներ ներկայումս իրացվում են ամերիկյան շուկաներում: Այս համագործակցության խորացմամբ մենք ակնկալում ենք ձեւավորել առավել ամուր տնտեսական կապեր Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջ-:
Ձեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Այս տարի կարելի՞ է ինչ-որ նոր բան ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Այս տարվա մարտին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ԱՄՆ համանախագահ դեսպան Ստիվեն Մաննը անդրադարձավ այս հարցին` ասելով. «Միացյալ Նահանգները կարծում է, որ խաղաղության ճանապարհին լավագույն քայլը 2006թ.-ին համաձայնության շուրջ առաջին քայլը կատարելն է: Ես չեմ կարծում, որ ԼՂ հարցը կարող է ամբողջությամբ կարգավորվել 2006թ. ընթացքում: Իրատեսորեն, ես կարծում եմ, որ կարգավորման գործընթացը տարիներ է պահանջելու: Բայց ես կարծում եմ, որ առաջին կարեւոր քայլը կատարելու ժամանակը այս տարին է ու այս ամիսները: Եվ ես լիովին վստահ եմ, որ առաջիկա ամիսներին երկու կողմերն էլ հնարավորություն կունենան նշանակալիորեն նվազեցնել նոր պատերազմի վտանգը:
Անցյալ տարի ԱՄՆ Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դուք 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած դեպքերը որակեցիք որպես «ցեղասպանություն»: Դուք հիմա էլ նույն դիրքորոշումն ունե՞ք:
Կուզենայի հղում կատարել ապրիլի 24-ի նախագահ Բուշի հայտարարությանը, որտեղ նա նշում է. «Այսօր մենք հիշում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` 1915թ. Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումները: Սա ողբերգություն էր համայն մարդկության համար, որը մենք եւ աշխարհը երբեք չպետք է մոռանանք: Մենք սգում ենք պատմության այս ողբերգական էջի համար ու գիտակցում ենք, որ այս դեպքերը դեռ ցավ են պատճառում Հայաստանին ու նրանց, ովքեր հավատում են ազատությանը, հանդուրժողականությանը - մարդկային կյանքի արժանապատվությանն ու արժեքին: Մարդկային ոգու ու Հայաստանում, Ամերիկայում եւ այլուր ապրող հայերի համար պատվաբեր է այն, որ կարողացել են հաղթահարել այս տառապանքներն ու հպարտությամբ պահպանել իրենց դարավոր մշակույթը, ավանդույթներն ու կրոնը»: Այստեղ ուզում եմ նաեւ հիշել Պետքարտուղարի տեղակալ Դեն Ֆրիդի խոսքերը, որը նա ասաց այս տարվա մարտին. «Միացյալ Նահանգների դիրքորոշումը 1915թ. դեպքերի վերաբերյալ չի փոխվել: Մենք կարծում ենք, որ արդյունավետ երկխոսությունը պատմության միասնական ընկալում ձեւավորելու լավագույն ուղին է, որով հարգանքի տուրք կմատուցվի այս սարսափելի դեպքերի, զանգվածային սպանությունների, չարդարացված սպանդի ու տեղահանությունների զոհերին: Շուրջ 1.5 միլիոն մարդիկ զոհվեցին, դարձան անմեղ զոհեր: Մենք սակայն ձգտում ենք հաշտության ու խաղաղության, որը կհիմնվի պատմությունը հասկանալու եւ ոչ թե այն մերժելու վրա: Մենք կարծում ենք, որ 1915թ. ողբերգությունը, սպանությունները հսկայական նշանակություն ունեն ու դրանց պատմական գնահատականը ոչ թե քաղաքականությունն է տալու, այլ քաղաքացիական առաջնորդների ու գիտնականների ինքնավերլուծությունը: Այս գործընթացը սկսվել է Թուրքիայում, որտեղ այն պետք է տեղի ունենա»:
ԱՄՆ դեսպանատունը երեք տարի շարունակ կազմակերպել է Ջազի նշանավորման օրեր Հայաստանում: Այս տարի՞ էլ կազմակերպում եք այդպիսի միջոցառումներ:
Ապրիլի 26-30-ը ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է «Ջազի նշանավորման օրեր» 5-րդ ամենամյա միջոցառումը, որի շրջանակում նախատեսվում են ֆիլմերի ցուցադրումներ, պարային ջազ ներկայացում եւ հայ ու ամերիկացի ջազ երաժիշտների համերգներ, որին կարող են ներկա գտնվել բոլորը: Ապրիլի 29-ին հայ նշանավոր ջազային երաժիշտների հետ միասին հանդես կգա Ջուդի Բեյդի քառյակը Նյու Յորքից: Այս տարվա միջոցառումների նորույթը պարային ջազ ներկայացումն է, որը կկայանա Պարոնյանի անվան թատրոնում: