PanARMENIAN.Net-ը շարունակում է հարցազրույցների շարքը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների հետ: Այս անգամ 2010-ի լավագույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը և Հայաստանի լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը կիսվել են իրենց տպավորություններով ամենաանմոռանալի խաղերի մասին, պատմել են գրքերի մասին, որոնք նախընտրում են ընթերցել արձակուրդի ժամանակ, ինչպես նաև կիսվել են իրենց ֆուտբոլային գիտելիքներով:
Դուք խաղացել եք Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ հիմա հաջող կերպով հանդես եք գալիս ազգային հավաքականում: Ինչո՞վ է տարբերվում այդ հավաքականներում ելույթ ունենալը:
Կառլեն. Երբ հանդես ես գալիս քո երկրի հավաքականներում, հսկայական պատասխանատվություն ես զգում և փորձում ամեն ինչ անել հույսերն արդարացնելու և լավ խաղալու համար: Ես փորձել եմ ինձ լավագույնս դրսևորել երիտասարդական հավաքականում, իսկ հիմա՝ ազգային:
Գևորգ. Երիտասարդական հավաքականն օգնում է ֆուտբոլիստին զարգանալ և հասնել այն մակարդակին, որպեսզի հրավիրեն ազգային հավաքական: Բառերով անհնար է արտահայտել այն զգացմունքները, երբ առաջին անգամ կրում ես քո երկրի հավաքականի մարզաշապիկը:
Հայաստանի հավաքականի ո՞ր խաղն է ձեր համար հատուկ դարձել և ինչո՞վ է այն տարբերվում այլ խաղերից:
Կառլեն. Անմոռանալի էր Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղը Թուրքիայի հավաքականի դեմ, մենք կարողացանք հաղթել 2:1 հաշվով, և ես դարձա գոլի հեղինակ:
Գևորգ. Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղը 2007-ին: Դա իմ առաջին խաղն էր Հայաստանի հավաքականի կազմում: Բացի դրանից, մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցույց տալ, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Դուք երկուսդ էլ շատ գոլեր եք խփել և Հայաստանի հավաքականի կազմում, և ձեր թիմերում, բայց լինում են գոլեր, որոնք դառնում են որոշիչ և անմոռանալի...
Կառլեն. Գեղեցիկ և լավ գոլեր ես շատ եմ խփել, բայց իմ կարիերայում ամենակարևորը հենց Թուրքիայի դարպաս ուղարկած գնդակն էր, երբ հաշիվը 0:1 էր: Այդ ժամանակ մենք պարտվում էինք, անմոռանալի էր նաև Բանանցի դարպաս ուղարկած գոլը 2010-ի Հայաստանի առաջնության ժամանակ, երբ մենք հաղթեցինք 1:0 հաշվով, առաջ անցանք մրցակցից և դարձանք չեմպիոն:
Գևորգ. Գոլը, որը ես խփել եմ Սլովակիայի դարպասին: Հաշիվը 1:1 էր, իսկ իմ գոլից հետո մենք սկսեցինք ավելի վստահ գործել և արդյունքում հաղթեցինք 3:1 հաշվով:
Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանայիք հանդիպել դաշտում:
Կառլեն. Երբեք այդ մասին չեմ մտածել, ես ուղղակի իմ առաջ նպատակ եմ դնում յուրաքանչյուր խաղում լավագույն խաղ ցուցաբերել և թիմին օգուտ բերել: Ինձ համար ամենակարևորը թիմում լավ մթնոլորտն է, որպեսզի խաղացողները հասկանան միմյանց և որակյալ ֆուտբոլ ցուցաբերեն:
Գևորգ. Կցանկանայի խաղալ Զենեդին Զիդանի հետ:
Երբևէ ձեր մոտ առաջացե՞լ են ֆուտբոլը թողնելու մտքեր:
Կառլեն. Իհարկե, ֆուտբոլում լինում են դժվար պահեր, երբ հոգնում ես, բայց ես փորձում եմ չհուսահատվել, փորձում եմ դժվարությունները հաղթահարել և շարունակել զբաղվել սիրած գործով:
Գևորգ. Ոչ, ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց ֆուտբոլի:
Ձեր թիմակիցներն ուղղակի գործընկերնե՞ր են, թե ավելի շատ՝ ընկերներ:
Կառլեն. Իհարկե, մենք շփվում ենք նաև ֆուտբոլից դուրս, և ես շատ ընկերներ ունեմ թե թիմում, թե հավաքականում:
Գևորգ. Գրեթե բոլորին գիտեմ պատանի հասակից և բոլորի հետ ընկերություն եմ անում: Ինձ թվում է, որ խաղի ժամանակ օգնում է այն փաստը, որ դաշտում դու շատ ընկերներ ունես:
Ինչպիսի՞ արտահայտություններ եք թույլ տալիս ձեզ դաշտում, բղավում կամ երբեմն բարկանո՞ւմ եք գործընկերների վրա:
Կառլեն. Դաշտում փորձում եմ շատ չխոսել և կարծում եմ, որ չի կարելի բղավել գործընկերների վրա, քանի որր մենք իդեալական չենք և կարող ենք սխալվել: Իսկ երբ ընկերները սխալվում են, փորձում եմ ոգևորել նրանց, որպեսզի լավ խաղան:
Գևորգ. Ֆուտբոլի ժամանակ չի կարելի գուշակել այն ամենն, ինչ կարող է պատահել, և երբեմն թույլ եմ տալիս ինձ հայհոյել:
Ե՞րբ եք առաջին անգամ նվաճել առաջին մեդալը:
Կառլեն. Ես խաղում եմ պատանեկան հասակից և նվաճել եմ շատ մեդալներ, բայց չեմ հիշում, թե երբ եմ հատկապես ստացել առաջին մեդալը:
Գևորգ. Իմ առաջին մեդալը նվաճել եմ 14 տարեկան հասակում: Մենք խաղում էինք Համլետ Մխիթարյանի հուշամրցաշարում և կարողացանք հաղթել: Այդ մեդալը մինչև հիմա իր հատուկ տեղն ունի իմ բոլոր մեդալների շարքում:
Հավաքների ժամանակ ո՞ւմ հետ եք սովորաբար բնակվում մեկ սենյակում:
Կառլեն. Երիտասարդական հավաքականի ժամանակ՝ Հենրիխ Մխիթարյանի, իսկ հիմա՝ Հրայր Մկոյանի հետ:
Գևորգ. Էդգար Մալաքյանի հետ:
Ո՞ւմ եք սովորաբար նվիրում ձեր գոլերը:
Կառլեն. Գոլերը նվիրում եմ թիմին, ոչ մեկին չեմ առանձնացնում:
Գևորգ. Առաջին հերթին՝ իմ ծնողներին և բոլորին, ով ցավում է և ուրախանում մեզ համար:
Ձեր կարծիքով, ո՞վ է ամենատաղանդավոր մարզիչը ժամանակակից ֆուտբոլում:
Կառլեն. Վարդան Մինասյանը, նա հսկայական փորձ ունի՝ չնայած երիտասարդ տարիքին: Մինասյանը հաջող կերպով գլխավորում է և «Փյունիկը», և հավաքականը, և նրա ղեկավարությամբ ակումբը բազմիցս չեմպիոն է դարձել, իսկ հավաքականը սկսել է գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ ցույց տալ:
Գևորգ. «Բարսելոնայի» մարզիչ Պեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ թիմը ցույց է տալիս գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ:
Ո՞ր գիրքը կվերցնեիք ձեր հետ արձակուրդի գնալիս:
Կառլեն. Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն», մի քանի անգամ կարդացել եմ այդ գիրքը և շատ եմ սիրում այն:
Գևորգ. Սիրում եմ կարդալ բնության մասին գրքեր, հավանաբար դրանք կվերցնեի:
Ինչպիսի՞ ֆիլմեր չեք սիրում դիտել:
Կառլեն. Ֆանտաստիկ ֆիլմեր:
Գևորգ. Ավելի լավ է ասեմ, թե ինչ ֆիլմեր եմ սիրում: Ինձ հատկապես դուր են գալիս մարտաֆիլմերը:
Քանի՞ խաղ է Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը:
Կառլեն. 100-ից ավել խաղ:
Գևորգ. 100-ից ավել, հավանաբար 104 (118` խմբ. դիտ.):
Քանի՞ մարզիչ է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
Կառլեն. Կարծում եմ՝ 13:
Գևորգ. Հավանաբար 15 (15՝ խմբ. դիտ.):
Ո՞ր հավաքականին երբեք չի զիջել Հայաստանի ազգային հավաքականը:
Կառլեն. Անդորրայի հավաքականին:
Գևորգ. Մենք երբեք չենք զիջել Անդորրային:
«Բարսելոնայի» քանի՞ ֆուտբոլիստներ են հանդես եկել Իսպանիայի հավաքականի կազմում 2010-ի աշխարհի առաջնությունում, և «Փյունիկի» քանի՞ ֆուտբոլիստներ են EURO-2012-ի ընտրական մրցաշարի վերջին խաղերում հանդես եկել Հայաստանի հավաքականում:
Կառլեն. Եթե չեմ սխալվում, «Բարսելոնայի» 8 խաղացողներ, իսկ մեր ակումբից հանդես են եկել 9 ֆուտբոլիստներ:
Գևորգ. «Բարսելոնայի» 7 ֆուտբոլիստներ, «Փյունիկի»՝ 10: («Բարսելոնայի» 8 խաղացողներ, «Փյունիկի»՝ 11, խմբ. դիտ.):
Աշխարհի առաջնությունում ո՞վ է դարձել լավագույն ֆուտբոլիստ և ո՞ւմ կշնորհեիք այդ կոչումը:
Կառլեն. Չեմ հիշում, թե ով է դարձել լավագույնը, բայց ես պարգևը կշնորհեի Լեո Մեսսիին:
Գևորգ. Դիեգո Ֆորլանը. իհարկե, նա շատ բան է արել իր հավաքականի համար և լավ խաղ ցուցաբերել, բայց ես այդ կոչումը կշնորհեի Ինյեստային կամ Խավիին:
Եվ վերջում, մի քանի խոսք Հայաստանի հավաքականի երկրպագուներին:
Կառլեն. Ուրախացնում է, որ երկրապագուները սկսել են հավատալ մեզ և բուռն կերպով աջակցում են: Շատ հաճելի է, երբ մարզադաշտը լիքն է լինում, դա շատ կարևոր է մեզ համար: Մենք, մեր հերթին, պետք է փորձենք հաղթել, ուրախացնել մեր ժողովրդին և գեղեցիկ պահեր նվիրենք:
Գևորգ. Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որ մշտապես աջակցում են մեզ: Մենք միշտ փորձում ենք լավացնել մեր խաղի որակը: Չեմ կարող ինչ-որ բան խոստանալ մեր երկրպագուներին, բայց կարող եմ ասել մի բան. մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի և մենք, և նրանք գոհ լինենք Հայաստանի հավաքականի խաղից: