24 մարտի 2012 - 10:53 AMT
Կանադահայեր. Աշխարհը պետք է դատապարտի Ադրբեջանին Նախիջևանում մշակութային ցեղասպանության համար

Նախօրեին շուրջ 200 կանադահայեր մասնակցել են Օտտավայում Ադրբեջանի դեսպանատան առջև կայացած հանրահավաքին, որի կազմակերպիչն էր Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիան, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Ցուցարարները իրենց մտահգությունն են հայտնել Ադրբեջնի շարունակական ագրեսիայի, հայերի հանդեպ ահաբեկման ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ: Նրանք կարգախոսներ էին վանկարկում, բողոքելով Ադրբեջանի ագրեսիայի, Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերի, Ադրբեջանում հայ մշակութային հուշարձանների հարցում մշակութային ցեղասպանության դեմ:

Հավաքվածները նաև անդրադարձել են ներկա իրավիճակին ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հայտարարելով, որ հայերը ևս իրավունք ունեն ապրելու ազատ, առանց սահմանափակումների ու թշնամանքի:

Հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջևանում, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, ապացուցում է աշխարհին, որ Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է գործում:

Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ցուցարարների նամակը, հասցեագրված դեսպան Ֆարիդ Շաֆիևին: Կանադահայերն այսօր ցույց տվեցին՝ իրենք գտնում են, որ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի աշխարհի կողմից, իսկ ադրբեջանցիների վերադարձը կարող է սպառնալիքի տակ դնել այնտեղ բնակվող հայերի կյանքը:

Բացի այդ, ցուցարարները կոչ են արել աշխարհի կառավարություններին դատապարտել Ադրբեջանին կրոնական անհանդուրժողականության, ագրեսիայի ու Կովկասում իրավիճակն ապակայունացնելու մշտական փորձերի համար: