4 ապրիլի 2003 - 20:16 AMT
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՉԿԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԻՐԱՔԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ադրբեջանն իրավունք չունի մատնացույց անել Լեռնային Ղարաբաղին, թե ինչպես նա պետք է վարվի այս կամ այն իրավիճակում: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Բաքուն դեմ է Իրաքի հայ փախստականների տեղավորմանը Լեռնային Ղարաբաղում: Ընդ որում ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջերս ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված հաղորդագրությունները Լեռնային Ղարաբաղում Իրաքից հայ փախստականների տեղավորման մասին անհիմն են: Միեւնույն ժամանակ, Ա. Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ-ն, որպես Ժնեւյան կոնվենցիային միացած երկիր եւ ելնելով մարդասիրական սկզբունքներից, պատրաստ է ընդունել փախստականներ Իրաքից, եթե վերջիններս դիմեն ղարաբաղյան իշխանություններին: