ԿԺԴՀ-ն կարող է նոր միջազգային պատժամիջոցների արժանանալ, եթե չհրաժարվի գործողության հեռահար շառավղի հրթիռի գործարկումից, որը ծրագրվում է հաջորդ ամիս, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Հյուսիսային Կորեան սպառնալիքներով և սադրանքներով ոչինչ չի ստանա»,- Սեուլում իր հարավկորեական պաշտոնակից Լի Մեն Բակի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում ԱՄՆ նախագահի խոսքն է մեջբերում Associated Press գործակալությունը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասել է, որ ԿԺԴՀ-ին հումանիտար օգնության մատուցման ծրագիրը կարող է ձախողվել հյուսիսկորեական հրթիռի գործարկման արդյունքում:
Հյուսիսային Կորեան արդեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող օդակայան է տեղափոխել գործողության հեռահար շառավղի հրթիռը և այն պատրաստում է գործարկմանը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով աղբյուրներին Հարավային Կորեայի հետախուզությունից:
Պհենյանը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է 2012թ. ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել Երկրի արհեստական արբանյակի գործարկումը ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին: Դա կտրուկ քննադատություն է առաջ բերել ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: ԿԺԴՀ մտադրությունների առթիվ մտահոգությունը կիսում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը: