Լիբիական աշխարհազորայինները շաբաթ օրը գրոհել են Տրիպոլիի թուրքական հյուրանոցը, հաղորդում է CNN-ը: Հեռուստաալիքը հաղորդում է, որ «լյուքս» դասի Rixos հյուրանոցում մինչև վերջերս բնակվում էր աշխարհազորայիններից մեկը՝ Ալի Դաու Զինթանին: Վերջերս աշխատակազմը նրան խնդրել էր կամ վճարել բնակության վեց ամսվա դիմաց, կամ ազատել համարը: Զինթանին լքել էր հյուրանոցը, բայց շուտով վերադարձել էր մի քանի տասնյակ զինված մարդկանց ուղեկցությամբ: Վերջիններս կոտրել էին շենքի դուռը, ներխուժել և կրակ բացել:
Հրաձգության արդյունքում, նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել, սակայն հյուրանոցի գլխավոր մենեջեր Շյուքրյու Քոչաքը ծեծի է ենթարկվել և առևանգվել: Նրան ազատ են արձակել այն բանից հետո, երբ աշխարհազորայինների գործողությունները բողոքարկել է Թուրքիայի դեսպանությունը:
Սպասվում է, որ թուրքական հյուրանոցը Տրիպոլիում իր աշխատանքը կվերսկսի երկուշաբթի օրը՝ մարտի 26-ին: