Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Մասնավորապես, Էրդողանը բողոքել է Օբամային, թե որքան են թուքերը «հոգնել» այդ խնդրից: «Ամեն տարի ապրիլին մենք ունենում ենք միևնույն խնդիրը, կապ չունի` ով է իշխանությունում` հանրապետականները, թե դեմոկրատները»,-«դժգոհել» է թուրք վարչապետը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Թուրքիան 2010թ ավարտել է Վանա լճի Ախթամար կղզու հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը: Վերականգնունից հետո, թուրքական իշխանությունները եկեղեցին վերածել են թանգարանի:
Էրդողանը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «չշփոթել ամերիկացի սենատորներին, օրենսդիրներին և քաղաքագետներին պատմաբանների հետ»:
Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրելՀայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը:
Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից:
1948թ Փարիզում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց 260-րդ որոշումը` ցեղասպանությունների` որպես հանցագործության և դրանց պատժման մասին կոնվենցիան: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951թ հունվարի 12-ին: Այն հաստատում է «ցեղասպանություն» հասկացության միջազգային իրավական կարգավիճակը որպես մարդկության դեմ իրականացավծ ծանրագույն հանցագործության, ինչպես նաև տալիս է դրա իրավական գնահատականը: Բոլոր մասնակից-պետություններին իրավունք է տրվում ձեռնարկել միջոցներ ցեղասպանությունները կանխելու և պատժելու համար` խաղաղ կամ ռազմական ճանապարհներով: Այս կոնվենցիան 2011թ հաստատած երկրների թիվը հասնում է 141-ի: