30 մարտի 2012 - 21:09 AMT
Հայաստանում կգործի հրդեհային անվտանգության նոր համակարգ

«SOS Systems» ընկերությունը մարտի 30-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացրեց հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգը։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԱԻՆ-ի լրատվակական ծառայությունից` համակարգը մշակվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:

Նոր անվտանգության համակարգը` բոլոր կապի միջոցներով աշխատող ազդանշանային սարքերով, հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով փոխանցում է Արտակարգ Իրավիճակների Նախարարության ՃԿԿ։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ այս համակարգի ներդրումը զգալիորեն կարագացնի և առավել արդյունավետ կդարձնի փրկարար ուժերի արձագանքը։ Այն պետք է աստիճանաբար ներդրվի ամբողջ երկրում, որպեսզի հրդեհի ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հասնի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։

«SOS Systems»-ը ՀՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանին հանձնել է հրշեջ-փրկարարների ազդարարման անհատական համակարգի մեկ լրակազմ։ Անհատական անվտանգության սարքն ամրացվում է հրշեջի գոտուն, և եթե վերջինս 45 վայրկյանից ավելի չի շարժվում, դրա մասին ավտոմատ տեղեկանում է հրդեհաշիջման շտաբ։ Նույն սարքից միանում է ուժեղ ձայնային ազդանշան, լույսի ուժեղ բռնկում, ինչպես նաև ռադիոազդանշանի միջոցով տեղեկություններ են փոխանցվում հրշեջի գտնվելու վայրի մասին։

Երկկողմանի կապի շնորհիվ` հնարավոր է հետևել հրդեհի գոտում զարգացող իրավիճակին և վտանգի դեպքում հրդեհաշիջման շտաբից հրահանգել հրշեջին լքել տարածքը։