Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հրապարակեց այն բռնցքամարտիկների անունները, որոնք հանդես կգան Տրապիզոնի վարկանիշային մրցաշարում ապրիլի 13-22-ը:
Մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ ք/կ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ ք/կ), Արամ Ավագյանը (56 կգ ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ ք/կ), Արա Պուլուզյանը (64 կգ ք/կ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 կգ ք/կ):
Մինչև 49 և 60կգ քաշային կարգերում Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան 1-4 տեղեր զբաղեցրած մարզիկները, իսկ 52, 56 և 81կգ՝ 1-3 տեղերը:
«Մեր ակտիվում կա ևս 7-8 օր, այդ ընթացքում մենք կաշխատենք ուղղել բոլո սխալները և օգնել բռնցքամարտիկներին օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Այժմ մենք մարզվում ենք Աբովյանում, սա մեր վերջին հավաքն է մրցաշարից առաջ»,-ասել է Աղամալյանը:
Հայաստանի հավաքականը ապրիլի 11-ին ավտոբուսով կմեկնի Թբիլիսի, այնտեղից ինքնաթիռով Ստամբուլ, հետո Տրապիզոն:
91կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա, քանի որ, ըստ գլխավոր մարզչի, չկա համապատասխան բռնցքամարտիկ: Հայաստանի հավաքականի կազմում ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ):