5 ապրիլի 2012 - 11:36 AMT
ՏՏ ոլորտի մոտ 10 նոր ընկերություններ կգործեն Գյումրու տեխնոպարկում

Հայաստանի կառավարությունը ապրիլի 5-ի նիստում հաստատել է Գյումրիի տեխնոպարկի գործունեության ծրագիրը: Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունն ամեն տարի մտադիր է կրճատել իր մասնակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ուստի այս տարի պետբյուջեից ավելի քիչ գումար կհատկացվի նախորդ տարվա համեմատ՝ 163 մլն դրամ:

Ըստ նրա, հատկացված միջոցներով տեխնոպարկում կստեղծվի ՏՏ ոլորտի 5-10 ընկերություն Գյումրիում, շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամսից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ լաբորատորիաներն արդեն աշխատում են: «Մենք միջոցներ ենք հատկացնում, որպեսզի մասնավոր հատվածը ևս ձեռնամուխ լինի աշխատանքին ու կարողանա իր ծառայություններն առաջարկել նույն տարածքում»,-հավելել է նա: