«Ազգային գնահատման զեկույցը չափազանց կարևոր փաստաթուղթ է, որով հունիսին Հայաստանը պետք է ներկայանա «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում»,-հայտարարլ է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ բացելով այսօր ՀՀ ազգային գնահատման զեկույցի քննարկումը: Նա նշել է, որ 1992թ. ՄԱԿ գագաթաժողովում կողմերը մշակեցին «Կայուն զարգացման» գաղափարը: Այդ գաղափարը ենթադրում է բնական ռեսուրների պահպանում, կայուն սոցիալ-տնտեսական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և սոցիալական անհավասարության հաղթահարում: 2002թ. գագաթաժողովում Հայաստանն արդեն հանդես է եկել իր գնահատման զեկույցով:
Հատուկ Բրազիլիայում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստվելու համար ստեղծվել է ազգային հանձնաժողով ԱԳ և բնապահպանական նախարարների գլխավորությամբ: Զեկույցի քննարկմանը մասնակցում են ՀԿ-ների, պետական կառույցների, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
2009թ. դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ-ն որոշում կայացրեց կայուն զարգացման հարցերին նվիրված ՄԱԿ խորհրդաժողով անցկացնելու մասին՝ այն կկայանա 2012թ. Բրազիլիայում: Առաջիկա գագաթաժողովը նվիրված կլինի 4 հարցերի՝ նախորդ պարտավորությունների կատարման ընթացքի տեսություն, նոր մարտահրավերներ, էկոնոմիկայի բնապահպանացում աղքատության վերացման և կայուն զարգացման առումով, կայուն զարգացման ինստիտուցիոնալ բազա: