6 ապրիլի 2004 - 20:15 AMT
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՐԵԿՎԱ ՑՈՒՅՑԻ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՀՐԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախօրեին կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած խժդժությունները հրահրել են որոշ օլիգարխների թիկնապահները: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, «ԱՄ» անդամները ճանաչել են օլիգարխ Սաշիկ Սարգսյանի (ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբոր) թիկնապահներին, որոնք էլ հիմնականում ջարդել են մի քանի լրագրողական տեսախցիներ եւ լուսանկարչական ապարատներ: Միեւնույն ժամանակ, կուսակցության խորհրդի անդամ Սարգիս Մուրադխայանի տեղեկացմամբ, հանրահավաքից հետո, հակասահմանադրական գործողությունների պատճառով հնգօրյա վարչական կալանքի են ենթարկվել «Ազգային Միաբանություն»կուսակցության 13 ակտիվիստներ: Ինչպես նշել է Մուրադխանյանը, նրանց նկատմամբ որեւէ բռնություն չի կիրառվել: Միջադեպի գնահատման վերաբերյալ կուսակցությունը նամակներ է հղել Հայաստանում Եվրամիության երկրների եւ ԱՄՆ լիազոր դեսպաններին: Մոտ ժամանակներս Արտաշես Գեղամյանը նախատեսում է անձամբ հանդիպել օտարերկրյա դիվանագետների հետ: