«Համահայկական էքսպո 2012»-ը, որի բացման արարողությունը նախատեսված էր այսօր ժամը 13:00-ին, առայժմ չի սկսվել: Այս պահին էքսպոյի անցկացման վայրում` Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում, դեռևս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Դեռ անցած շաբաթ էքսպոն Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպելու առիթով ԶԼՄ-ներն ու մտավորականները աղմուկ էին բարձրացրել: Նրանք բողոքում էին մշակութային հաստատությունում սննդամթերք կամ մեքենայի յուղ ցուցադրելու դեմ: Ավելի ուշ համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ մասնակից ընկերությունները էքսպոյին ներկայանալու են միայն հոլովակներով և պաստառներով, իսկ արտադրանք ներկայացնելը բացառվում է: Համերգասրահի տնօրինությունը համապատասխան պայմանագիր է կնքել business.am կազմակերպության հետ:
Ներկայումս մասնակից ընկերությունները ներկայանում են համապատասխան բուկլետներով, պաստառներով, մրցանակներով և դիպլոմներով: Եղավ նաև սնունդ ներկայացնելու փորձ, բայց տնօրինությունն արգելեց այն: