10 ապրիլի 2012 - 09:49 AMT
Կենդանիների պաշտպանները հայտարարում են, որ թափառող շների հարցում գումարներ են յուրացվել

«Փրկենք կենդանիներին» հ/կ-ն և «Դինգո» կամավորների թիմը բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պնդելով, որ պատրաստ են անել հնարավորը` թափառող կենդանիների խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար:

Նամակում ասվում է.

Հարգելի Պարոն Քաղաքապետ,

Ձեզ են դիմում «Փրկենք կենդանիներին» հ/կ-ն, «Դինգո» կամավորների թիմը և Երևան քաղաքի տարբեր համայնքներում բնակվող մի խումբ բնակիչներ:

Խնդրում ենք սույն նամակը չդիտարկել որպես վերջնագիր, այլ սոսկ բարի կամքի դրսևորում: Ձեզ դիմելու բուն պատճառն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ ներկա լարված նախընտրական քաղաքական իրավիճակում մեր գործողություննրը կարող են դիտարկվել և օգտագործվել մի շարք քաղաքական ուժերի կողմից, ինչը բնավ մեզ հարկավոր չէ: Ուստի հայցում ենք Ձեր աջակցությունը հետևյալ հարցի լուծման շուրջ: Թափառող կենդանիների դեմ պայքարի միջոցները և կատարվող անմարդկային գործողություննրը, որոնք շարունական բնույթ են կրում արդեն վեց տարի, արվում են առանց Ձեր գիտության և իրենց մեջ պարունակում են նաև մի շարք կոպիտ իրավախախտումներ :

Պատկերը հետևյալն է. Երևանի քաղաքապետարանի Առևտրի վարչության ներկայացված թափառող կենդանիների դեմ պայքարի ծրագիրը ի սկզբանե պարունակում է անհիմն և իրար հակասող դրույթներ, որոնք կարող են դիտարկվել որպես պաշտոնական դիրքի չարաշահման և պետական գումարների վատման միջոցներ: Մասնավորապես, վերջիններիս կողմից ներկայացված թափառող կենդանիների ամենամյա թիվը չափազանց ուռճացված է: Չեն կատարվել որևէ հետազոտություններ, և նշված մոտ 46 000 թափառող շներն առհասարակ ֆիզիկապես չեն կարող գոյություն ունենալ Երևան քաղաքում: Ուստի անհասկանալի է, թե ինչպես է նրանց դեմ պայքարի համար տարեկան ծախսվում 180 000 000 դրամ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնության գիտությունների Ակադեմիայի էկոլոգիայի և էվոլուցիայի պրոբլեմների՝ Սեվերցովի անվան ինստիտուտի 2010թ հետազոտության համաձայն՝ 10 000 000 և ավելի բնակչությամբ Մոսկվայում հաշվարկվել է առավելագույնը 35 000 շուն: Ակնհայտ է, որ 1 000 000-անոց Երևան քաղաքում չի կարող գոյություն ունենալ 46 000 շուն:

Բացի այդ, քաղաքապետարանի պատվերը կատարող Յունիգրաֆ X ՍՊԸ իր գործողություններով ոչ միայն աշխատում է անարդյունավետ, այլև վտանգի է ենթարկում Երևան քաղաքի բնակիչների անվտանգությունը՝ խախտելով տարրական սանիտարական նորմերը: Վերջինիս ապացույցն է նրանց տրամադրված Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող տարածքում առանց որևէ մշակման լցված ահռելի քանակի շների դիակների առկայությունը: Դրա մասին են փաստում ոչ միայն մեր կողմից արված տեսագրությունները, այլև մի շարք լրագրողների կողմից պատրաստված տեսանյութերը: Եվ սրանք միակ խախտումները չեն:

Ըստ մեզ այս տեղ առկա են իրավախախտումներ ՝ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Խնդրում ենք Ձեզ լինել նախաձեռնող սույն խնդիրը իրավապահ մարմիններին հանձնելու գործում:

Մենք այլևս չենք պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը և պատրաստ ենք անել հնարավորը՝ այս խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար: