
Եգիպտոսի նախագահի մի քանի թեկնածուներ պայմանավորվել են դիմակայել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր նույնպես մտադիր են մասնակցել ընտրություններին: Ինչպես հաղորդել է «Ալ-Ահրամ» թերթը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 9-ի երեկոյան «Ալ-Վասաթ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հատուկ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան, անկախ թեկնածու չափավոր իսլամիստ Մուահամեդ Սալիմ ալ-Ավան, «Ալ-Ղադ» լիբերալ կուսակցության նախագահ Ահման Նուրը, պակաս հայտնի այլ թեկնածուներ:
Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են օժանդակել «Քաղաքական մեկուսացման մասին օրենքում» փոփոխություններին, որպեսզի օրենսդրորեն արգելեն Մուբարաքի մերձավորներին առաջադրվել նախագահի թեկնածու: Բացի այդ, «Ալ-Վասաթ» կուսակցությանը հանձնարարել են ստեղծել հանձնաժողով, որը կհամակարգի նախագահի թեկնածուների միջև համագործակցությունը:
Բարձրագույն պետական պաշտոնի հավակնորդների հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին, որից հետո ընտրական հանձնաժողովը կհրապարակի թեկնածուների վերջնական ցուցակը: