10 ապրիլի 2004 - 19:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ` ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հայաստանի միավորված ընդդիմադիր ուժերի կողմնակիցները երեկվանից նստացույց են սկսել Երեւանի Ազատության հրապարակում` պահանջելով գործող իշխանությունների հրաժարականը: Ընդդիմության ղեկավարության որոշմամբ, ամեն օր ժամը 12-ին հրապարակում կհաղորդվեն նոր տեղեկություններ իրավիճակի վերաբերյալ, իսկ ժամը 18:00 կանցկացվեն հանրահավաքներ «մինչեւ հաղթական ավարտը»: Հրապարակում ծավալվող իրադարձություններին հետեւում են ոստիկանության եւ ավտոտեսչության կարգախմբերը: Նախագահական պալատի մոտ տեղակայված են ոստիկանության զորքերի զինվորներով ավտոբուսներ, կանգնած են ջրացայտ մեքենաներ: Մինչդեռ քաղաքում պահպանվում է խաղաղ իրավիճակը: Հիշեցնենք, որ բողոքի նստացույց անցկացնելու մասին որոշումը կայացվել է միավորված ընդդիմության երեկվա չարտոնված հանրահավաքում, որը ոստիկանության տվյալներով հավաքել էր 6,5 հազար, իսկ կազմակերպիչների տվյալներով` 50-60 հազար մարդ: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, որին համարում են ոչ լեգիտիմ, քանի որ անցյալ տարվա ընտրություններում, իրենց կարծիքով, եղել են բազմաթիվ խախտումներ: Ցույցի նպատակն է հասնել նրան, որ իշխանությունները խորհրդարանի օրակարգում ընդգրկեն հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Այսպիսով, ընդդիմությունը ձգտում է կատարել Սահմանադրական դատարանի անցյալ տարվա որոշումը երկրի նախագահին վստահության հանրաքվե անցկացնելու մասին հանձնարարականով: