Մոսկվան գտնում է, որ պաշտոնական Դամասկոսը կարող է ավելի ակտիվորեն կատարել երկրում իրադրության կարգավորման վերաբերյալ Քոֆի Անանի խաղաղ ծրագիրը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Անկեղծ ասած` մենք սիրիացի գործընկերներին հայտնել ենք իրադրության մեր գնահատականները: Կարծում ենք, որ սիրիական իշխանությունների գործողությունները կարող էին լինել ավելի ակտիվ, ծրագրի համապատասխան դրույթների կատարման հարցում ավելի վճռական»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր սիրիացի պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում: Նախարարի խոսքով` «այդ մասին մենք առավելագույնս անկեղծ ենք խոսել»:
Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են 2011-ի մարտին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 9 հազարը: Սիրիայի իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: