Հունիսի 20-ին կազդարարվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սկիզբը, այսօր մամլո ասուլիսում ասացին Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի իրականցման վարչության պետ` Ատոմ Մխիթարյանը և փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանում, ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում`Սփյուռքի պարախմբերի, անհատ կատարողների, երգչախմբերի մասնակցությամբ:
Բանախոսները նշեցին, որ պետական բյուջեից այս նպատակին հատկացվել է 84 միլիոն դրամ, որով ապահովվելու է Սփյուռքից ժամանած մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը:
Փառատոնը չի սահմանափակվելու միայն համերգային մասով: Սպասվում են կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, վարպետության դասընթացներ և այլն` ընդհանուր մոտ 50 միջոցառում: Փառատոնն ավարտվելու է լրագրողների համաժողովով` հոկտեմբերի 4-7-ը:
Կազմակերպիչները չեն բացառում, որ հետագայում արտերկրի հայկական գաղթավայրերում ևս կազմակերպվեն փոքր փառատոներ: «Իմ Հայաստան» փառատոնն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ, պատրաստվում է արդեն փառատոնի հոլովակը, գրվում է հիմնը, պատրաստ է նաև փառատոնի խորհրդանիշն ու կայքը: