11 ապրիլի 2012 - 10:06 AMT
«Շիրակ կենտրոն». Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցները անանցանելի են

«Շիրակ կենտրոն» հ/կ-ից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի նիստում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը /նախկինում՝ Կումայրի,Ալեքսանդրապոլ, Լենինական/ մշակութային տարածք է ճանաչվել:

Նույն որոշման մեջ` որպես պատճառաբանություն մասնավորապես ասվում է. «Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները: Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմել է ավելի քան 5 հազար մարդ:

Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն»:

«Շիրակ կենտրոնը» անդրադարձել է Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ և անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան և Շեդրինի փողոցներին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին: «Շիրակ կենտրոնը» հույս ունի, որ տեսանյութից հետևություններ կանեն նաև Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն և քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթևեկում: