11 ապրիլի 2012 - 10:26 AMT
«Ժողովուրդ». «Ժառանգությունը» փորձելու է դուրս գալ հանրային միասնական ընտրական շտաբից

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձելու է առաջիկայում դուրս գալ ապրիլի 4-ին ստեղծված հանրային միասնական ընտրական շտաբից: Ըստ թերթի տեղեկությունների` այսօր կայանալիք հանդիպմանը «Ժառանգությունը» պատրաստվում է ներկայացնել առաջարկներ, որոնց մի մասին, ի սկզբանե հայտնի է, որ ուժերից որևէ մեկը չի համաձայնի: Օրինակ` առաջարկում են, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի լիդերները` հստակ իմանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը հազիվ թե անձամբ գան` այդ թղթերը ստորագրելու: Չի բացառվում, որ այդ առաջարկը չընդունելու դեպքում նրանք դուրս գան: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, որ թե իրենք երկու էական առաջարկ են ներկայացնելու շտաբում: «Եթե այս նախաձեռնությունն իսկապես գործնական, անկեղծ բնույթ է կրում, այլ ոչ թե իմիտացիա է, ապա պետք է ընդունվեն մեր առաջարկները»,-«Ժողովուրդ» թերթին ասել է նա: