13 ապրիլի 2012 - 09:37 AMT
Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Հայրապետյանին հրավիրում է բանավեճի

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանի երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած բանավեճի հրավերին: Նա, մասնավորապես, գրել է. «Հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական բանավեճ ունենալ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասը հորիզոնականներում տեղ գտած գործիչների հետ, հաշվի առնելով նաև այն, որ նույն ասուլիսում Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ֆորմատը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ես` Նիկոլ Փաշինյանս, որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, ընդունում եմ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը»:

Փաշինյանը հիշեցնում է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, և կոչ է անում դա անել ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին:

«Նշված օրը և ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ:

Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում»,- եզրափակել է նա: