14 ապրիլի 2012 - 16:39 AMT
Արայիկ Սարգսյան. Հայաստանին ձեռնտու է լավ գործընկեր ունենալ Բալկաններում` ի դեմս Մակեդոնիայի

Հայաստանում Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանը ապրիլի 14-ին կայացած մամլո ասուլիսում ընդգծել է, որ կանի ամեն հնարավոր բան երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման համար: Նրա խոսքով` Հայաստանին ձեռնտու կլինի լավ գործընկեր ունենալ Բալկաններում և հակառակը` Մակեդոնիային` Հարավային Կովկասում: Հյուպատոսը հաղորդել է, որ ինքը մի քանի անգամ եղել է Բալկաններում և տեղյակ է տարածաշրջանում տիրող իրադրության մասին: Նա նկատել է նաև, որ մակեդոնական կողմը պաշտոնապես դիմել է հայկական իշխանություններին Սարգսյանին Հայաստանի Հանրապետությունում Պատվավոր հյուպատոս նշանակելու մասին: Նրա խոսքով Հայաստանի և Մակեդոնիայի միջև կապին սկիզբ է դրվել դեռևս հնում` Ալեքսանդր Մակեդոնացու օրոք, և արժե օգտագործել պատմական փորձը ժամանակակից հարաբերություններում: