20 ապրիլի 2004 - 00:13 AMT
ԵԱՀԿ ՄԽ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ճանաչողական այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Սթիվեն Մանը այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ քննարկել են բանակցային գործընթացի խթանման հեռանկարները: Մասնավորապես, Ս.Մաննի եւ Վ.Օսկանյանի հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել ապրիլի 16-ին Պրահայում կայացած հանդիպման կապակցությամբ, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հնարավորություն են ունեցել մտքեր փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակի շուրջ եւ պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում շփումները շարունակելու վերաբերյալ: Նշենք, որ վաղը Ս. Մաննը Երեւանից կմեկնի Թբիլիսի, այնուհետեւ Բաքու: