16 ապրիլի 2012 - 12:18 AMT
Հայաստանն ու Իսրայելը ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Հայաստանն ու Իսրայելը մտադիր են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր կնքել: Այս մասին ապրիլի 16-ին Երևանում հայտարարել է Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար, Քնեսետի պատգամավոր տիկին Օրիտ Նոկեդին ` իր հայ գործընկեր` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման շրջանակներում: «Ես համոզված եմ, որ մենք ոչ միայն համագործակցության մասին համաձայնագիր կկնքենք, այլ կկարողանանք իրականացնել դրա բոլոր դրույթները»,-ընդգծել է նա` շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար:

Ապրիլի 15-17 Երևանում է գտնվում իսրայելական պատվիրակությունը` գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար, Քնեսետի պատգամավոր տիկին Օրիտ Նոկեդիի գլխավորությամբ:

Միաժամանակ Նոկեդին Սերգո Կարապետյանին հրավիրել է մայիսին այցելել Իսրայել, հույս հայտնելով, որ չնայած կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայ նախարարը անպայման կայցելի իր երկիր: Ինքն էլ խոստացավ Հայաստան վերադառնալ ընթացիկ տարվա աշնանը: Այս առնչությամբ Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարը հավելել է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ` երկկողմանի համագործակցության շրջանակներում ընդգրկված հարցերի և քննարկումների համար լուծումներ որոնելու համար:

Իր հերթին Սերգո Կարապետյանը հավելել է, որ Իսրայելի նախարարի հետ արդեն քննարկվել են փորձի փոխանակման համատեքստում կենդանաբուծության, ձկնաբուծության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման և կադրերի վերապատրաստման և խորհրդատվության մի շարք հարցեր: «Մեր հարաբերություններն Իսրայելի հետ մինչ օրս լավ զարգացած չէին, նախարարի այցը նոր քայլ կլինի դրանց ընդլայնման և խորացման համար»,-ընդգծել է Կարապետյանը: Ընդ որում, նա կարևորել է համագործակցությունը ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում, այլ նաև տնտեսության մյուս ոլորտներում ևս:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի հետ:

Իսրայելական պատվիրակությունը կայցելի նաև Երևանի կոնյակի գործարան, կծանոթանա Մատենադարանի թանգարան-ինստիտուտի ձեռագերին և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: