«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Էջմիածնում ապրիլի 13-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ այնուամենայնիվ զենք է կրել: Այս մասին Քաղաքագետների միությունում հանրային վերահսկողության միասնական շտաբի 3-րդ նիստի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:
Օսկանյանի խոսքով` դրանից մեծ բան սարքել պետք չէ: «Գագիկի որոշումն է եղել այդ օրն այդպես գնալ հանդիպման: Եթե օրինական զենք կրելու իրավուքն ունես, ապա դա քո իրավունք է»,- ընդգծեց նա:
Նա ասաց, որ նկարներից դատելով, ակնհայտ է, որ դա ոչ թե հեռախոս, այլ զենք է:
ՀՀ «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն` զենք կրելը զանգվածային հավաքների ժամանակ արգելվում է:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: