20 ապրիլի 2012 - 14:05 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Տարեցտարի Թուրքիայի համար բարդանում է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը առանձնացրել է մի քանի ոլորտներ, որոնց շրջանակում ընթանում են Հայոց ցեղասպանության շուրջ գործընթացները: Նախ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին բավականին հզորացել է, և Ցեղասպանության ճանաչման ոլորտում բավականին մեծ առաջընթաց է գրանցվել: Պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայից որոշակի քայլեր են սպասում, առաջին հերթին` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, ընդգծել է Կիրակոսյանը:

Բացի այդ, Ցեղասպանությունը ժխտելու համար Թուրքիայից ավելի շատ ջանքեր և ռեսուրսներ են պահանջվում, քանի որ գնալով ավելի քիչ երկրներ են այդ հարցում աջակցում նրան: Որքան ավելի է մոտենում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնքան ավելի վտանգավոր է այն դառնում Թուրքիայի համար: Հետաքրքրական է, որ Ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիային ակտիվորեն աջակցում է Ադրբեջանը, ընդգծել է փորձագտը: Երբ Ադրբեջանը գլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի, ԼՂՀ-ի և Ցեղասպանության հարցում ճնշումները կմեծանան: Թուրքիան և Ադրբեջանը խնդիրներ ունեն նաև երրորդ ոլորտում, որտեղ պետք է դիտարկել ճանաչման գործընթացը` դա այլ ցեղասպանությունների հետ կապն ու առնչությունն է: Երբ ցեղասպանությունները միասին են դիտարկվում, դրանց ճանաչման ռեսուրսները և հնարավորությունները մեծանում են, ընդգծել է Կիրակոսյանը: