21 ապրիլի 2012 - 12:42 AMT
Մատենադարանում աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային երկօրյա խորհրդաժողովը

Այսօր` ապրիլի 21-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպած «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային երկօրյա խորհրդաժողովը: Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նա նշեց, որ մշակույթը ամենակարևրոր հենքն է, որի վրա կառուցվում են մյուս հարաբերությունները: «Շատ ուրախ եմ, որ այսօրվա կոնֆերանսն անդրադառնալու է մշակութային ժառանգության պահպանման տարբեր ասպեկտներին, գրավոր ժառանգության պահպանմանը»,-ասաց նախարարը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկովյան գրասենյակի ծրագրային մասնագետ Լյուբավա Մորևան:

Կենֆերանսին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիներ, արտերկրից ժամանած մշակույթի նախարարությունների պատվիրակություններ, միջազգային գրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոնֆերանսին հրավիրվածները:

2 լիագումար նիստերում քննարկվելու են «Համաշխարհային ժառանգությունը և կայուն զարգացումը» և «Մշակութային բազմազանությունը զարգացման գործոն. գրավոր ժառանգություն» թեմաները: