21 ապրիլի 2012 - 17:00 AMT
Վաշինգտոնում բացվել է Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված ցուցահանդես

Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։

Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, լյութերանական եկեղեցու հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում դեսպան Մարգարյանը մասնավորապես նշել է, որ նման միջոցառումները Եղեռնի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելուց բացի հետագա ցեղասպանությունների հնարավորությունը կանխարգելելու կարևոր առաքելություն են կատարում։ Նա շնորհակալություն է հայտնել Բարեփոխման լյութերանական եկեղեցուն ցուցահանդեսն իրենց մոտ անցկացնելու համար։

Բարեփոխման լյութերանական եկեղեցու առաջնորդը կարևորել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը։ Նա համոզմունք է հայտնել, որ հավատացյալների համայնքը պետք է իրազեկվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։

Վաշինգտոնի «Հայկական ազգային ինստիտուտի» տնօրեն Ռ. Ադալյանը ներկայացրել է ցուցանմուշները և հակիրճ պատմական ակնարկ կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: