23 ապրիլի 2012 - 17:10 AMT
Հայկ Օշական. Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը մեր պարտքն է մեր նախնիների և մեր ժողովրդի առաջ

Քեմբրիջի հայկական կենտրոնը Օնտարիոյում ապրիլի 22-ին միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Ինչպես հայտարարել է Օնտարիոյի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ջ. Ասատուրյանը, խոսելով Ցեղասպանության հերքման Թուրքիայի շարունակվող քաղաքականության մասին, անցյալի մութ էջերի մասին պետք է խոսել ոչ միայն հանուն հայերի, այլ նաև հանուն թուրքերի, ովքեր իրավունք ունեն իմանալու իրենց պատմությունը: Նրա խոսքով, Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի կատարված հանցագործության համար, ինչը նախազգուշացում կդառնա և այլ երկրների համար այն մասին, որ ժողովուրդների սիստեմատիկ ոչնչացումը երբեք չի մոռացվի:

«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Հայոց ցեղասպանության մասին, և Թուրքիան ստիպված կլինի ճանաչել տեղի ունեցածը»,- միջոցառման ժամանակ հայտարարել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Հայկ Օշականը, հավելելով, որ պետությունները դժվարությամբ են ճանաչում իրենց անցյալի մութ էջերը: Բայց, նրա խոսքով, չնայած Թուրքիայի կողմից հերքմանը, գոյություն ունեն բավականաչափ փաստագրական ապացույցներ, որ Հայոց ցեղասպանություն իրականում կատարվել է: Օշականը համոզված է, որ վաղ թե ուշ թուրքերը ստիպված կլինեն դրա հետ հաշտվել, իսկ մինչ այդ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը կշարունակվի նույնիսկ հարյուր տարի անց: «Դա մեր պարտքն է մեր նախնիների և մեր ժողովրդի առաջ»,- ասել է նա, հաղորդում է Record.com-ը: