23 ապրիլի 2012 - 15:32 AMT
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մինչև 2014 թվականը նոր մասնաշենք կունենա

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակա տարիների կարևորագույն նախագծերից մեկը լինելու է նոր մասնաշենքի կառուցումը, որի աշխատանքների ավարտը նախատեսվում է 2014 թվականին: «Նախագծային և նախահաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, ու մենք մեկ ամիս անց սկսելու ենք աշխատանքները: Սպասվում է, որ դրանք կավարտվեն 2014 թվականին և մենք մեր նոր, ավելի լայն հարթակում հնարավորություն կունենանք իրականացնել ցեղասպանության վկայագրերի ցուցադրություն»,- ասաց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նշեց նաև, որ ապրիլի 24-ին նոր մասնաշենքի նախագծերը ներկայացվելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա նաև ներկայացրեց վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության արդյունքներն ու Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շարքը:

2012թ.-ին նախատեսվում են հանդիսավոր միջոցառումներ, միջազգային գիտաժողովներ, մի քանի լեզուներով հրատարակվելու է 25 անուն նոր գրքեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության մինչև օրս չուսումնասիրված դրվագներին: 2012-ին սկսվելու են ՀՑԹԻ-ի արտագնա շրջիկ ցուցադրությունները մի քանի երկրներում: Խոսելով այս տարվա մյուս նախագծերի մասին` Հայկ Դեմոյանը կարևորեց առաջին «Պատկերազարդ պատմության» տպագրությունը Հայոց ցեղասպանության մասին, Հայոց ցեղասպանության հանրագիտարանի տպագրությունը և շրջիկ ցուցադրությունների անցկացումը: