23 ապրիլի 2012 - 16:16 AMT
Մեկնարկել է «ՀՖՖ-Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը

Ապրիլի 23-ին մեկնարկել է ավանդական դարձած «ՀՖՖ-Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Կոկա-Կոլա» ընկերության համատեղ ջանքերով: Մրցաշարի նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ: Մրցաշարին մասնակցում են Երևանի, Հայաստանի մարզերի և Արցախի 613 hանրակրթական դպրոցները ներկայացնող թիմեր, որոնցում ընգրկված են 4760 երեխաներ:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ից մայիսի 14-ը, երկրորդը` մայիսի 17-ից հունիսի 3-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:

Առաջին փուլի ավարտից հետո, Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերի և Արցախի երկուական թիմեր կկազմեն 32 զույգ և պայքարը կշարունակեն սկսած 1/32 եզրափակչից:

Երկրորդ փուլի մասնակից թիմերի խաղացողներին «Կոկա-Կոլա» ընկերության կողմից կտրամադրվի հատուկ մարզահագուստ եւ գնդակներ:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբիլիստները և մարզիչները կպարգևատրվեն մեդալներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթով: