23 ապրիլի 2012 - 16:57 AMT
Տիգրան Սարգսյան. Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկխոսության հարթակն օգտագործում է քարոզի համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային և ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգային: «Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառնեևր: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում և գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ փորձում էին փրկել ոչ թե իրենց ունեցվածքը, այլ հայ ժողովրդի ձեռագրերը, քանի որ համոզված էին, որ հենց դա է ապահովելու մեր ազգի գոյատևումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին` մեր երկիրը մշտական ուշադրության կենտրոնում պահելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Վարչապետն անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿO-ի շրջանակներում Ադրբեջանի պահվածքին` նշել է, որ վերջինս այդ հարթակն օգտագործում է ոչ թե երկխոսության, այլ քարոզի համար, միաժամանակ փորձում է վարկաբեկել Հայաստանին: «ՅՈՒՆԵՍԿO-ն պետք է հանդիսանա որպես երկխոսության հարթակ: Ադրբեջանի այդ քայլերը պետք է կանխել»,- նշել է Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանում բարբարոսաբար ավերվել են հայկական բազմաթիվ խաչքարեր, ինչը քաղաքակիրթ մարդկանության նկատմամբ իրականացված հանցագործություն է:

Այս համատեքստում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարևորել են երկխոսության հաստատումը և նշել, որ մշակութային ժառանգության պահպանման քաղաքականությունը շարունակելու է գտնվել կառույցի ուշադրության կենտրոնում:

ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգան շնարհակալություն է հայտնել մեր երկրին` մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը հավատարիմ մնալու և սերտ համագործակցության համար: Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Երևանը` 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք համատեղ ծրագրերին և միջոցառումներին: