ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ տարածած իր ուղերձում նշել է, որ սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է:
«Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք: Սիրելի՛ հայ ժողովուրդ, մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ և մեր կողքին՝ Հայոց Սփյուռք»,- ասել է նախագահը:
Նա հավելել է, որ երեք տարի հետո ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն է, այլև հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը. «Ինչ ստեղծել ենք այսուհետև էլ տեր ենք, ինչ կորցրել ենք` չենք մոռացել և չենք մոռանա, որովհետև դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:
Որպես առհավատչյա մեր չմարող հիշողության և կենաց երդման՝ մենք քաղաքամայր Երևանում ի հիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի՝ Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու՝ մեր հայացքն ուղղած ապագային: Միայն ազգովին: Միասին էլ ամրացնելու ենք մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով և մանավանդ այն պետությամբ, որն այլևս թույլ չի տալու ցեղասպանական որևէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որևէ մարդու դեմ»: