24 ապրիլի 2012 - 11:14 AMT
Յուրի Նավոյան. Ցեղասպանության 100-ամյակի շեմին աշխարհում բողոքի նոր ալիք պետք է բարձրանա

Մոսկվայի Գրականագետների տանը ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված հուշ երեկո: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ռուս և հայ քաղաքական գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ասվում է PanARMENIANNet-ի ստացած «Հայ-ռուսասկան համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի հաղորդագրության մեջ:

Ըստ Նավոյանի, հայերն արդեն 97 տարի շարունակ պայքարում են այդ ոճրագորությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու համար և այդ պայքարը շարունակվելու է: «Դա մեր սուրբ պարտքն է բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր վայրագաբար ոչնչացվեցին մեր Հայրենիքի, մեր մշակույթի հետ միասին»,-ասել է Օլեգ Եսայանը:

«Ճանաչումը հարկավոր է ոչ այնքան մեզ՝ հայերիս, որքան Թուրքիային»,-ասել է Եսայանը:

Իր հերթին ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը նշել է, որ Ռուսաստանն ավելի հավատարիմ և հուսալի գործընկեր չունի, քան Հայաստանն է: «Ռուսաստանը դեռևս 1915թ. է Հայոց ցեղասպանությունն անվանեց մարդկության դեմ ուղղված ոճրագործություն»,-ասել է պատգամավորը:

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը կոչ է արել հայրենակիցներին համախմբվել այդ հարցի լուծման համար:

Յուրի Նավոյաննն ասել է, որ Ցեղասպանության 100-ամյակի շեմին աշխարհում բողոքի նոր ալիք պետք է բարձրանա ժողովրդավարական երկրներում՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: