24 ապրիլի 2012 - 13:18 AMT
ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահ է, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի վրա ճնշում են գործադրում

Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ պետք է հենց Թուրքիային, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ լրագրողներին է ասել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քորչարյանը: «Այն չդատապարտելով` Թուրքիան հեռանկար չունի»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ փոխնախարարի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է, քանի որ ժամանակն անցնում է և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտվում են:

Միաժամանակ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Թուրքիայի վրա` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ճնշում է գործադրվում: «Թուրքիայի իշխանություններն առայժմ պատրաստ չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նրանք չեն առաջնորդվում այն սկզբունքներով և արժեքներով, որոնք առաջ էին քաշվել եվրաինտեգրման ճանապարհին, այլ նրանցով, որոնք եղել են Օսմանյան կայսրության օրոք»,-ընդգծել է նա:

Շավարշ Քոչարյանը նաև կարծում է, որ Թուրքիան, նախ և առաջ պետք է հաստատի հայ-թուրքական արձանագրությունները և դրանք կյանքի կոչի: