Այսօր մեկնարկում են ամենամյա Լեհաստանի օրերը Հայաստանում: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու առթիվ այս տարի իրենք որոշել են շեշտը դնել գրականության վրա: Հայաստանում է հանրաճանաչ լեհ հայագետ, պրոֆեսոր Անդժեյ Պիսովիչը, որն արդեն այսօր հանդես կգա դասախոսությամբ:
Արդեն 50 տարի է Անդժեյ Պիսովիչը ուսումնասիրում է հայերենը: Նա բազմաթիվ աշխատությունների և թարգմանությունների հեղինակ է: Աշխատանքներից հայագետն առանձնացնում է «Հայ-լեհերեն և լեհ-հայերեն բառարանը», որը լույս է տեսել 6 տարի առաջ: Նաև Ռաֆայել Իշխանյանի՝ հայ գրականության համառոտ պատմության թարգմանությունը լեհերենով:
«1983 թ. եկել էի Հայաստան և ժողովներից մեկի ժամանակ հանդիպեցի Ռաֆայել Իշխանյանին: Նա ասաց, որ ուզում է, ու հայերենից լեհերեն թարգմանեմ իր գիրքը՝ «Հայ գիրքը 1512-1920»: Ես թարգմանեցի այն և 1994-ին գիրքն արդեն տպագրվեց»,- լրագրողների հետ հանդիպմանը պատմեց հայագետը:
Լեհական միջոցառումների շրջանակում ընդգրկված է նաև գեղարվեստական «Ռևերս» ֆիլմի ցուցադրությունը և երկու գրքի շնորհանդես: