30 ապրիլի 2012 - 11:03 AMT
Մայիսի 1-ին երխաների մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար

Մայիսի 1-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացման մասին: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնից` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ օրը երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

Առավոտյան ժամը 9:00-ից այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները:

Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկվեն ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը: Օրվա տարբեր ժամերին այգում իրականացվող «Կենդանիների կերակրում» ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետևել տարբեր կենդանատեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին:

Կիրականացվի նաև սողունների, ծովախոզուկների և ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլև իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:

Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տաղավարներում կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, հաղթողները կստանան մրցանակներ`հեծանիվ, հեռադիտակ, տեսախցիկ, գրքեր և այլն: Առանձին տաղավարով կներկայանա Երևանի կենդանաբանական այգին իր «Կենդանիների խնամակալություն» և «Կենդանաբանական այգու դպրոց» ծրագրերով:

Երեխաներին սպասվում է անակնկալներով, մրցանակներով ու բազմապիսի միջոցառումներով լի օր: