30 ապրիլի 2012 - 12:29 AMT
Ալի Լարիջանի. Հակասությունների վերացումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաև Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:

Լարիջանին պարարտ է համարել հողը Իրանի ու Հայաստանի խորհրդարանական համագործակցության համար և նշել է, որ երկու երկրների խորհրդարանները վերջին տարիներին նպաստել են հարաբերությունների զարգացմանը:

Լարիջանին նաև կարևորել է համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը և հավելել է, որ երկու երկրները մեծ հնարավորություններ ունեն հարաբերությունները զարգացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրներին: