Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծեց վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը: