Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարել է, որ առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում իրենք սատարելու են ՀՀԿ-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից` Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա-համերգով: Միջոցառմանը մասնակցած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին ցուցահանդես, որի ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հանրությանն են ներկայացրել իրենց մշակույթը, ազգային երգն ու պարը: Տոնախմբությունը եզրափակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով: