30 ապրիլի 2012 - 16:11 AMT
e-payment.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կարելի է կատարել ցանկացած պետական վճարում

Ապրիլի 28-ից գործարկվել է e-payment.am էլեկտրոնային վճարման համակարգը: Էլեկտրոնային կառավարման նոր գործիքի միջոցով քաղաքացիները, ինչպես նաև իրավաբանական անձինք հնարավորություն ունեն պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով և բանկային Arca ու Master, ինչպես նաև վիրտուալ ArCA քարտի միջոցով:

Ընդհանուր առմամբ համակարգում ներառված են 1500 տեսակի վճարումներ. ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների, վարչական տուգանքների գումարների, ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու, վարորդական իրավունքի վկայական և կորցրած վկայականի կրկնօրինակը տալու, ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար և շատ այլ տուգանքներ, պետական տուրքեր, ծառայությունների վճարներ:

Համակարգը մշակած «Հելիքս Կոնսալտինգ» ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը PanARMENIAN.Net-ին ասաց, որ սա էլեկտրոնային վճարում կատարելու ձև է, և անվտանգության առումով քաղաքացիների մոտ որևէ խնդիր չի առաջանա. «Վճարումը կատարելուց հետո 20 նիշանոց կոդ է բերում, որն անցած հինգշաբթի կառավարության կողմից հաստատաված որոշմամբ, արդեն ունի անդորրագրի ուժ, այսինքն` քաղաքացին ցանկացած պետական մարմնի մոտ դա կարող է ներկայացնել որպես վճարման հաստատում»: Վճարումները կատարելու համար պարտադիր լրացման ենթակա են հետևյալ տվյալները` վճարման գումարը, շահառուի անունը, էլ. փոստի հասցեն և համապատասխան վճարման եղանակի համար անհրաժեշտ քարտային տվյալները: Առանձին դեպքերում համակարգը կարող է պահանջել այլ պարտադիր լրացման ենթակա դաշտեր (օրինակ` գույքահարկի դեպքում ՀՎՀՀ, ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների տուգանքների համար որոշման համարը):

Համակարգն ընդունում է նաև համայնքային վճարումներ (օրինակ` գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների համար: Հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքները: Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին և այլ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում կատարել վճարումներ հյուպատոսական ծառայությունների համար, օրինակ` անձնագրի ստացում, մուտքի արտոնագրի ստացում և այլն:

Ըստ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի` համակարգի ներդրման արդյունքում էապես կնվազեն նաև գանձնվող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դեպքում որպես միջնորդավճար քաղաքացուց կգանձնվի ընդամենը 3-5 դրամ:

Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին հասանելի է e-payments.am հասցեով: