1 մայիսի 2012 - 12:34 AMT
Վահան Հովհաննիսյան. Պատրաստ եմ բանավիճել կոալիցիայի առաջին դեմքերի հետ

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը հանդիսանալով` Վահան Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում կոալիցիոն կուսակցությունների առաջին համարներին: Այս մասին ասյօր նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ Վահան Հովհաննիսյանի` այն փաստը, որ կոալիցիոն կուսակցությունների առաջին համարները հրաժարվում են հրապարակային բանավեճերից` վատ է հենց կուսակցության հեղինակության համար, քանի որ դա լավ հնարավորություն է ընտրողի համար տեսնելու և համեմատելու կուսակցությունների առավելություններն ու թերությունները:

«Համեմատելու ոչ միայն ծրագրերը` համեմատելու մարդկանց, ովքեր ստանձնում են այդ ծրագրերն իրականացնելու պարտավորությունը, քանի որ կուսակցությունների ծրագրերը կարող են նմանվել միմյանց` սոցիալական ասպարեզում, արտաքին հարաբերություններում և այլն», -ասաց Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը ցավում է, որ իշխող կոալիցիան ընտրողներին նման հնարավորություն չի տալիս: Բայց ևս մեկ անգամ հրավիրում է բանավեճի; «Կուզեն մեն մենակ գան, կուզեն բոլորով, կամ գուցե ուրիշ ֆորմատով` ես պատրաստ եմ», - նշեց նա: Բանախոսը նշեց նաև, որ պատրաստ է ստորագրել ՀՅԴ նախընտրական ծրագրի ամեն տառի տակ:

«Գիտեմ, որ հնարավոր է 200 հազար աշխատատեղ ստեղծել, կառուցել համեմատաբար էժան բնակարաններ, հնարավոր է կոռուպցիան նվազեցնել, բյուջեն կրկնապատկել և եռապատկել 5 տարվա ընթացքում», - ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հավելեց, որ եթե որևէ մեկը կարծում է, որ ծրագիրն իրականացնել հնարավոր չէ` թող գա և հենց իրեն ասի այդ մասին: